Արցախ

Եթե ԵԱՀԿ-ն և ՄԽ համանախագահությունը լուրջ կառույց լինեին, Ադրբեջանը պատերազմ չէր սանձազերծի

Radar Armenia-ի զրուցակիցը ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանն է։

-ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնել, որի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ նախագահին կընտրի ԱԺ-ն։ Այս փուլում ի՞նչ նպատակ է հետապնդում նման նախաձեռնությամբ հանդես գալը, և ինչու է կարևոր, որ ռազմական դրության ժամանակ նախագահ ընտրի ԱԺ-ն։

-Որովհետև գործող սահմանադրությամբ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ցրվում է նաև Ազգային ժողովը, առաջանում է իշխանության վակուում։ Իսկ ռազմական դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացվում։ Այսինքն, առկա է վտանգ, որ որևէ ֆորս-մաժորի դեպքում Արցախը կզրկվի պետական իշխանության ինստիտուտներից։

-Լուրեր էին շրջանառվում, որ Արցախի նախագահն ու պետնախարարը Մոսկվա էին մեկնել. այդ այցերը և սահմանադրական այս փոփոխությունները կապ ունե՞ն իրար հետ։

-Քանի դեռ նախագահի և պետնախարարի կողմից Մոսկվա այցի պաշտոնական հավաստում չկա, ենթադրություններ չեմ կարող անել։

-ՌԴ պետդումայի նախագահը հայտարարել է, որ դեմ է ԼՂ խնդրի լուծման հարցում Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավմանը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է «կաշկանդում» ՌԴ-ին, և, այս համատեքստում, արդյո՞ք այս հայտարարությունները ի օգուտ Ադրբեջանի չեն։

-Այդ, ինչպես նաև մինչ այդ որևէ երկրի կողմից արված, արվող և արվելիք հայտարարություն եղել է, կա և լինելու է հօգուտ այն երկրի, որի պաշտոնյան դա հնչեցրել է, հնչեցնում է և հնչեցնելու է։

-Երեկ ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Սա ԵԱՀԿ-ի ակտիվացման մասի՞ն է խոսում։ Ի՞նչ ակնկալինքեր ունեք ԵԱՀԿ-ից այսօր։

-ԵԱՀԿ-ից ոչ մի ակնկալիք ոչ միայն ես, այլև ոչ ոք չպիտի ունենա։ Եթե ԵԱՀԿ-ն և Մինսկի խմբի համանախագահությունը լուրջ կառույց լինեին, Ադրբեջանը պատերազմ չէր սանձազերծի։

Հայկ Մագոյան