Արցախ

«Արցախի նկատմամբ սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթե լուռ համաձայնությամբ»․ հայտարարություն

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և հումանիտար աղետի խորացման մասին։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրվակով խորացնում Է Արցախի շրջափակման քաղաքականությունը:

Շարունակվող լիակատար շրջափակման և ձմռան պայմաններում էլեկտրաէներգիայի, համացանցի, իսկ 2023 թ․ հունվարի 17-ից նաև գազի մատակարարման հերթական խափանումները Արցախի ազգաբնակչությանը կանգնեցնում են հումանիտար աղետի եզրին։ Դրան գումարվել է նաև հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը խաղապահների ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխաների նկատմամբ «էկոակտիվիստների» ահաբեկչական գործողությունները, և այդ ամենը ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում տարածելը:

Արցախի ազգաբնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթե լուռ համաձայնությամբ: Այն նպատակ ունի կոտրել արցախահայության կամքը և տասնյակ հազարավոր մարդկանց էթնիկ զտումների միջոցով բռնատեղահանել իրենց պատմական հայրենիքից։ Նմանօրինակ քայլերով Ադրբեջանը փորձում է նաև ձախողել տարածաշրջանում պատերազմի օջախների մարմանն ու հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջազգային կառույցների և տարբեր երկրների ջանքերը։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու և հումանիտար աղետը կանխելու համար: Հորդորում ենք միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին հայտարարություններից և կոչերից զատ գործնական քայլերով կանխել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները:

Արցախի առջև ծառացած մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու նպատակով դիմում ենք համայն հայությանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկել սանձելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և պաշտպանելու սեփական հողում ապրելու արցախահայության օրինական իրավունքը»։

Հետևեք մեզ Telegram-ում։