Արցախ

Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով Արցախում ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ արդեն 10-րդ օրն է՝ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Արցախի Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել է վերելակների աշխատանքի խափանման դեպքերը: 

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4 ահազանգ:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը մեկնել են կանչի վայր, բացել վերելակի դռները և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել վերելակում մնացած քաղաքացիներին:

Հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում փակված դռան մասով ստացվել է 3 ահազանգ: Համալրված լինելով համապատասխան տեխնիկական սարքավորումներով՝ փրկարարներն արձագանքել և կարճ ժամանակում վերացրել են վտանգը:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին լինել զգոն, հովհարային անջատումների ժամանակ՝ վերելակի աշխատանքի խափանման դեպքում զանգահարել շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարներին՝ 911, 101 կամ 112:

Հետևեք մեզ Telegram-ում։