Արցախ

«Հայաստանի և Արցախի խորհրդարանների ուժերը բոլոր օրակարգերի գլխավերևում պետք է ունենան Արցախի հարցը»․ Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է: Այսօր Ադրբեջանը փակել էր նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել էին նաև ջեռուցման հնարավորությունից: 30 000 երեխայի համար ահագնանում է թերսնման, ցրտահարման վտանգը:

Ողջունելով և կարևորելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա պաշտոնական նամակն ավելի քան 30 պետությունների խորհրդարանների ղեկավարներին` ուզում եմ ընդգծել, որ այս հարցում Հայաստանի և Արցախի խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները, բոլոր օրակարգերի գլխավերևում ունենան աղետալի իրավիճակում հայտնված Արցախի հարցը և միասնական ջանքերով աշխարհի ուշադրությունը հրավիրեն անկանխատեսելի զարգացումներով օրեցօր սաստկացող հումանիտար աղետի վրա:

Սա պետք է անընդունելի լինի քաղաքակիրթ աշխարհի համար: Մենք պետք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը, և այն կանխելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք արդեն իսկ ուշանում են»:

Հետևեք մեզ Telegram-ում։