Արցախ

«Արցախը, Հայաստանը և Ռուսաստանը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հարցը հանգուցալուծվի». ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության, Արցախից հնչող հայտարարությունների և իրավիճակից ելք գտնելու ուղիների շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԼՂՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի հետ։

- Երեկ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը բավարար չեն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, դուք էլ ե՞ք այդ կարծիքին։

- Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ մեր բոլորիս ներդրած ջանքերն են անբավարար, քանի դեռ խնդիրը լուծված չէ։ Մինչև հարցը չհանգուցալուծվի, բոլորիս ջանքերն էլ պետք է անբավարար համարել։ Իշխանությունը և Արցախում, և Հայաստանում պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար և պետք է իր ջանքերը ներդնի՝ մինչև հարցը լուծվի։

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանից։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ դեռ չի արել։

- Չեմ ցանկանում այդ կոնտեքստում խոսել, որ Հայաստանը ինչ-որ բան պետք է անի, չի արել։ Խնդիրը համապարփակ է։ Արցախը, Հայաստանը և Ռուսաստանը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հարցը հանգուցալուծվի։ Մինչ այդ մենք պետք է մեր ունեցած գործիքակազմը մաքսիմալ օգտագործենք և ամենօրյա ռեժիմով, անընդհատ հարցը օրակարգում պահենք։ Կարծում եմ, որ հանրային մակարդակում բավարար գիտակցում չկա, որովհետև տեսնում ենք, որ մարդիկ բնականոն կյանքով ապրում են, բայց փաստն այն է, որ իրենց 120 հազար հայրենակից գտնվում են գերության, շրջափակման մեջ և տարրական կենցաղային խնդիրներ ունեն, որ չեն կարողանում լուծել։ 

-Հանրությունից ի՞նչ ակնկալիքներ կան, ի՞նչ պիտի անի, որ հարցը լսելի դառնա։

-Կարծում եմ՝ այսօր մեզ հասանելի գործիքակազմն այն է, որ մենք կամ պետք է ուժային լուծում տանք, բայց այս պահին ոչ Արցախը, ոչ էլ Հայաստանն ի վիճակի չեն առերեսվել դրա հետևանքների հետ, և պետք է միջազգային հանրության հետ աշխատանք տանենք։ Իսկ դրա համար պետք է համախմբված, բոլորս այս հարցն ամենօրյա ռեժիմով բոլոր հասանելի հարթակներում հանրայնացնենք։ Եթե կամաց-կամաց սկսենք իրավիճակին հարմարվել, փաստացի կդատապարտենք Արցախում ապրող մարդկանց դանդաղ ոչնչացման։

-Ռուբեն Վարդանյանը գտնում է, որ պետք է ռուս խաղաղապահները ավելանան, նրանց ժամկետը երկարացվի, նշում է, որ պետք չէ քննադատել ռուս խաղաղապահներին։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ առնչությամբ։

-Կարծում եմ՝ այսօր գետնի վրա առաքելություն Ռուսաստանն է իրականացնում, և մենք սրանից պետք է կառչենք։ Բայց, մյուս կողմից, չեմ կարծում, որ չպետք է քննադատենք, պիտի ցույց տանք իրենց բացթողումները, պարբերաբար քննարկենք դրանք։ Միգուցե ոչ այդքան հրապարակային, ավելի շատ ներքին շփումների ժամանակ, բայց պետք է արձանագրենք՝ ինչպիսի խնդիրներ, բացթողումներ կան, որպեսզի նաև Ռուսաստանի իշխանությունը համապատասխան գործիքակազմ կիրառի և անվտանգային մեխանիզմները  դարձնի ավելի արդյունավետ։ 

- Ինչպես գիտեք, Հայաստանում է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, ով այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և դա համապատասխան է միջազգային իրավունքին, որին նրանք ենթարկվում են։ Կխնդրեի Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։

-Իրականում մինչ օրս տեսնում ենք, որ, ցավոք սրտի, մեզ չի հաջողվել այս առումով շոշափելի գործընթաց ապահովել։ Մյուս կողմից, կարծում եմ՝ եթե միջազգային հանրությունն իրականում ցանկանում է օգնել, պետք է հստակ և կտրուկ քայլեր անի, որովհետև միայն կոչերով և Ադրբեջանին մեղադրանքներ հնչեցնելով հարցերը չեն լուծվում։ Իհարկե, նման կոչերը հարված են Ադրբեջանի իմիջին, հեղինակությանը, բայց Ալիևը դրան այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում։ Ադրբեջանին ստիպելու և ԼՂ֊ում ապրող հայերի իրավունքները պահպանելու համար պետք է ավելի կոշտ գործիքակազմ կիրառել և պարտադիր բնույթ կրող որոշումներ կայացնել։ Հակառակ դեպքում միջազգային հանրությունը 21-րդ դարում աչք է փակելու, և նոր ցեղասպանության օրինակ ենք ունենալու։

- Միջազգային հանրությունը պետք է սանկցիանե՞ր կիրառի, թե՞ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

- Իհարկե, պետք է սանկցիաներ կիրառվի, բայց նաև Արցախի ճանաչումը կարող է այս հարցի լուծումը տալ։ Եվ ցանկանում եմ հղում անել ՄԻՊ֊ին, ով իր խոսքում նշեց, որ այն երկրները, ովքեր ճանաչել են հայոց ցեղասպանությունը՝ պետք է ճանաչեն նաև Արցախի անկախությունը՝ կանխելով ներ ցեղասպանությունը։ Եվ, իմ կարծիքով, փրկությունը կարող է նաև այստեղ լինել։

Հայկ Մագոյան