Արցախ

«Վիտալի Բալասանյանն ադրբեջանցիների հետ ինքնագլուխ չի հանդիպել». Մետաքսե Հակոբյան

ԼՂ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԽ քարտուղարի պաշտոնից Վիտալի Բալասանյանի ազատմանը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը կապ չունի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, քանի որ երկու պաշտոնյաների գործառույթները որևէ տեղ չեն հատվում. «Բալասանյանի ազատումը Ռուբեն Վարդանյանի հետ կապելը թույլ ու անմիտ վարկած է այն առումով, որ սահմանադրությամբ ամրագրված է, որ անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է»։ Ըստ Հակոբյանի՝ երբ Բալասանյանը պատերազմից հետո ստանձնեց այդ պաշտոնը, մարդիկ իրենց շատ ապահով էին զգում։ 

Դիտարկմանը, թե պաշտոնից հեռացնելը կարո՞ղ է պայմանավորված լինել ադրբեջանական կողմի հետ Վիտալի Բալասանյանի բանակցություններով, Հակոբյանն ասաց՝ այդ հանդիպումները եղել են նախագահի գիտությամբ. «Բալասանյանը հենց Արայիկ Հարությունյանի նշանակած անձն է, ով միջնորդավորված հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Ինչքան էլ մութ ուժերը փորձում են ցույց տալ, թե իբր պարոն Բալասանյանն ինքնագլուխ է արել, դա հնարավոր չէ։ Այդ հանդիպումները միշտ ռուս խաղաղապահների հետ միջնորդավորված են եղել։ Եվ դրանք բանակցություններ կոչելն էլ բարձր է հնչում։ Դրանք եղել են անվտանգության հարցերի կարգավորման մասին խոսակցություններ, այլ ոչ՝ զիջումներ։ Դա անհնար է»։

«Արդարություն» խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի ԼՂ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արարատ Մելքումյանի մասին, և արդյո՞ք այս փոփոխությունը դրական նշանակություն կարող է ունենալ։ Հակոբյանը նշեց, որ չի ճանաչում նրան, բացի այն, որ գիտի, որ Մելքումյանը եղել է Մարտունու վարչակազմի ղեկավարը, մասնագիտությամբ զինվորական է, պատերազմից հետո էլ եղել է ԱԱԾ փոխտնօրեն։

«Ինձ համար Վիտալի Բալասանյանը առանձնահատուկ է, որովհետև ինքը Արցախն ազատագրողներից մեկն է և ազգի հերոս։ Բայց նորանշանակին չեմ ճանաչում, ոչ էլ իր հերոսությունների մասին գիտեմ։ Հետևաբար չեմ կարող ասել՝ անվտանգության խորհրդում կկարողանա՞ ինչ-որ բան անել, թե՞ ոչ»,-ասաց նա։ 

Հայկ Մագոյան