Արցախ

Արցախում ԱԽ քարտուղարն իշխանության մաս չէ. Վահրամ Աթանեսյան

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ։

-Արայիկ Հարությունյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ԼՂ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նրա փոխարեն նշանակվեց Արարատ Մելքումյանը։ Ըստ Ձեզ՝ ստեղծված իրավիճակում ո՞րն է Բալասանյանի ազատման պատճառը, ինչո՞ւ արվեց այս քայլը։

-Վիտալի Բալասանյանի պաշտոնանկման հարցը, ըստ իս, պետք է դիտարկել այն կտրվածքով, թե 2020-ի պատերազմից հետո նա ինչ առաքելությամբ էր ԱԽ քարտուղար նշանակվել։ Եթե այդ հարցի պատասխանն ունենանք, իսկ ես կարծում եմ, որ չենք ունենա, ապա դիտարկելի կլինի նաեւ «գեներալական փոխատեղությունը»։

- Ըստ Ձեզ՝ նման կադրային փոփոխության համար կայի՞ն նախադրյալներ։

-Որոշում ընդունողը ես չեմ, որպեսզի հիմնավորեմ կամ ասեմ՝ ես այդպես եմ նպատակահարմար գտնում։ Ես մի սահմանադրական իրողություն գիտեմ՝ Արցախում ԱԽ քարտուղարը իշխանության մաս չէ, իշխանական ֆիգուր չէ։

-Շուրջ 30 օր է՝ փակ է Լաչինի միջանցքը։ Ըստ էության, միջազգային հանրության գնահատականները օգուտ չեն տալիս։ Ռուսական կողմն էլ քայլեր չի ձեռնարկում։ Այս դեպքում ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը։  

-Ի՞նչ պիտի անի «միջազգային հանրությունը»։ Ռազմա-քաղաքական իրականության մեջ նման սուբյեկտ չի եղել, չկա։ Ի՞նչ պիտի անի ռուսական կողմը։ Ուժով ցրի՞ Ադրբեջանի «էկոակտիվիստներին»։ Բացառված է։ Ի՞նչ կարգավորման մասին է խոսքը։ Հումանիտա՞ր։ Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը սովամահության է դատապարտելու 120 հազար մարդու։

-Այդ դեպքում ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը. արդյո՞ք Լաչինի միջանցքի բացման հարցով Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսություն է պետք։

-Իհարկե, ամենաօպտիմալ տարբերակը Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն է։

-Այսօր ի՞նչ ակնկալիքներ ունեք հայկական կողմից։ 

-Չեմ կարող ասել։ Ովքեր քաղաքական պատասխանատվություն են կրում կամ ուզում են վերցնել, թող մարդկանց հետ ոչ թե հանրահավաքով, այլ բարեկամական, անկեղծ շփումներով հաղորդակցվեն։ Ես մի բան կարող եմ ասել՝ այստեղ Ռոբին Հուդ խաղալու տեղ չէ։

Հայկ Մագոյան