Արցախ

Տղայիս համար ամենամեծ նվերը կլինի, որ հասնեմ Արցախ

«Արդեն 20 օր է՝ մեկուկես տարեկան տղայիս՝ Մարկիս չեմ տեսել։ Բացակայությունս դժվար է տանում, անհանգիստ է։ Թեև պապիկն ու տատիկը, կինս ամեն ինչ անում են, որ երեխային զբաղեցնեն, բայց Մարկն անդրդվելի է՝ անընդհատ ինձ է կանչում։ Դեռ շատ փոքր է, որ հասկանա՝ Արցախը շրջափակման մեջ է, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայրիկին տուն վերադառնալ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասում է Արցախի Գիշի գյուղի բնակիչ Նարեկ Քամալյանը, որ այս օրերին չի կարող վերադառնալ հայրենիք։

Քամալյան եղբայրներից Նորայրը մի քանի տարի առաջ ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանում («Եղնիկներ») վիրավորում էր ստացել, մինչև հիմա առողջական խնդիրներ ունի։ Հերթական բուժումը պետք է Երևանում ստանար։ Դեկտեմբերի 8-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղից Նարեկն ու Նորայրը սովորականի նման հրաժեշտ են տվել ընտանիքի անդամներին ու շարժվել Երևան՝ անգամ չմտածելով, որ ադրբեջանցիները փակելու են կյանքի ճանապարհ Լաչինի միջանցքը։

Նարեկն ու եղբայրը ամուսնացած են՝ մեկական երեխա ունեն։ Նարեկը ԼՂ քաղաքաշինության նախարարությունում է աշխատում, Նորայրը՝ ոստիկանությունում։ Եղբայրները Նորայրի առողջական խնդիրները կարգավորելուց հետո դեկտեմբերի 15-ից Գորիսի հյուրանոցներից մեկում են հաստատվել։

«Ասում էին՝ հնարավոր է ճանապարհը բացվի, եկանք Գորիս, բայց, արի ու տես, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը այդպես էլ չբացվեց։ Մնացինք հյուրանոցում։ Մինչ օրս մեր կեցության ծախսերը Սյունիքի մարզպետարանն է հոգում, սննդի հարցը՝ հյուրանոցի տնօրինությունը։ Ամենաշատը կարոտն է տանջում, հատկապես որդուս՝ Մարկիս կարոտին չեմ դիմանում։ Տնեցիների հետ համացանցով միշտ կապի մեջ ենք։ Կինս ու երեխաս ծնողներիս հետ գյուղում են մնացել։ Անհամբեր սպասում են, թե երբ է ճանապարհը բացվելու, որ վերադառնանք։ Մարկս շատ է նեղվում, անհանգիստ է, որ տանը չեմ։ Երբ հետը խոսում եմ, հեռախոսը գրկում ու լաց է լինում։ Անընդհատ «պապա» է կանչում։ Նույնն էլ եղբորս 3-ամյա աղջիկը՝ Նարեն։ Այս պահին սոցիալական մյուս խնդիրների մասին փորձում եմ շատ չմտածել։ Կարևորը՝ մանկական կերի ու դեղորայքի խնդիրը լուծված է, մնացածը երկրորդական է»,- անկեղծանում է Նարեկը և շարունակում պատմել, թե որքան շատ է կապված որդու հետո, թե ինչպես էր աշխատանքից հետո՝ ազատ ժամանակ, պարտադիր Մարկի հետ անցկացնում, թե ինչպես էր որդուն գրկած՝ ամեն օր գնում գյուղամեջ, հետը շրջում գյուղով մեկ, որ Մարկը ծանոթանա, մերվի, ճանաչի գյուղը։ Բայց արդեն 20 օր է՝ երեխան զրկված է հորը տեսնելու հնարավորությունից։

«Մեր գյուղը, տունը, հարազատներիս, բոլորին էլ կարոտել ենք։ Գյուղը լեռնային է, ամեն մի վայրը՝ գեղատեսիլ, բնությունը՝ փարթամ, աղբյուրներով ու տեսարժան վայրերով հարուստ։ Տղայիս հետ զբոսանքներն եմ կարոտում։ Առհասարակ, Ղարաբաղում ցանկացած տեղ մեզ համար սիրելի է, թեկուզ փոքր թուփ ու քար՝ կարևոր է։ Ու մենք պայքարելու ենք, որ ճանապարհը բացվի»,- վստահեցնում է Նարեկը՝ հիշեցնելով, որ մի քանի անգամ փորձել է Լաչինի միջանցքով անցել, բայց նրանց թույլ չեն տվել՝ ռուս խաղաղապահների հրամանատարի տեղակալը դեկտեմբերի 25-ին ասել է, որ սպասում են հրահանգի, «վերևներից» պիտի հարցը լուծեն։

Թեև հաշված օրեր անց Նոր տարի է, բայց դրա մասին չեն էլ մտածում։ Նարեկի խոսքով՝ փորձում են չտրամադրվել, թե տոնական օրերին Լաչինի միջանցքը փակ է լինելու, ու չեն կարողանա վերադառնալ Արցախ։ «Ամեն վայրկյան հույսով սպասում ենք, որ պետք է ճանապարհը բացվի, որ հասնենք մեր ընտանիքներին։ Մեր միակ նպատակը ճանապարհի բացումն է, ոչ թե Ամանորին նախապատրաստվելը։ Կարծում եմ՝ տղայիս ամենամեծ նվերը կլինի, որ հասնեմ տուն, քանի որ Մարկիս համար այս պահին կարևոր է, որ իր կողքին լինեմ»,- ասում է Նարեկը, և նշում, որ Լաչինի միջանցքի բացումից զատ ցանկանում է, որ Արցախը հայկական մնա, և Մարկը խաղաղ Արցախում մեծանա։ 

Հայկ Մագոյան