Ադրբեջանն արդեն 10-ը օր է՝ փակ է պահում ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ Ստեղծված իրավիճակի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ։
-Որո՞նք են այս քայլին գնալու՝ Ադրբեջանի հիմնական դրդապատճառները։ Ի՞նչ է իրականում ցանկանում Ադրբեջանը։
-Կարծում եմ՝ Ադրբեջանը հետապնդում է Արցախի հարցը վերջնականապես փակելու նպատակ։ Լաչինի միջանցքի արգելափակումը ճնշում է, որպեսզի Հայաստանը համաձայնի հարաբերությունների կարգավորման այն տարբերակին, որը ներկայացրել է Բաքուն։
-Ճանապարհի փակումը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդները։ Պնդում կա, որ սա ռուս խաղաղապահների խնդիրն է, նրանք պետք է բացեն ճանապարհը։ Ակնկալիքներ կա՞ն Ռուսաստանից։
-Խաղաղապահ առաքելությունը միջազգային պարտավորություն է, որ Ռուսաստանն ստանձնել է։ Ես չեմ կարող ասել, թե ինչ գործիքակազմ պետք է կիրառվի, բայց որ ԼՂ-Հայաստան անարգել, անխոչընդոտ կապի ապահովման պարտավորությունը Ռուսաստան-Ադրբեջան քննարկումների և լուծում գտնելու տիրույթում է, դա ակնհայտ է։
-Ի՞նչ պետք է անի ԼՂ իշխանությունը։ Ունի՞ իրավիճակի վրա ազդելու գործիքակազմ։
-Արցախի իշխանությունը հնարավորությունների առավելագույնը ներդնում է՝ կայուն և հարաբերականորեն անվտանգ պահելու ներքին իրավիճակը։ Արցախի արտաքին քաղաքական, դիվանագիտական ռեսուրսները սուղ են, չափազանց նվազ, բայց դրանք ևս գործի են դրված։ Ըստ երևույթին, պետք է մեծացնել թիրախային քարոզչության ծավալը, գտնել նոր հնարավորություններ։ Եվ, իհարկե, քննարկել այլընտրանքային կոմունիկացիայի խնդիրը։ Խոսքս Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման անհրաժեշտության շուրջ միջազգային աջակցություն ձևավորելու մասին է։
-Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի իշխանության դիրքավորումը այս հարցում։ Ի՞նչ կարող է անել Հայաստանը Լաչինի ճանապարհը բացելու գործում։
-ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքում իրավիճակի քննարկումը վկայում է, որ Հայաստանը դիվանագիտական լուրջ աշխատանք է տարել։ Ավելին չեմ կարող ասել։
-Տեսնում ենք, որ միջազգային հանրության՝ անգամ հասցեական գնահատականը չի զսպում Ադրբեջանին։ Եթե միջազգային հանրության արձագանքն էլ հարցը կարգավորելու համար բավարար չէ, ինչպե՞ս պիտի լինի լուծումը։
-Չէի ասի, թե միջազգային արձագանքները Բաքվի համար նշանակություն չունեն, բայց գործնական կարգավորման ակնկալիք, իհարկե, պետք է ունենալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներից։
Հայկ Մագոյան