Արցախ

«Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որ արցախահայերը լքեն Արցախը». Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի բացման հնարավորությանն, ասաց՝ չէին պատկերացնում, որ գազի վերականգնումն էլ շուտ կլինի, և եթե միջազգային ճնշումները մեծանան, ճանապարհն էլ կբացվի։

Գալստյանի խոսքով՝ Ադրբեջանը, ինչպես 2020-ի պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, անպատժելիության մթնոլորտում փորձում է ամեն ինչ անել՝ արցախահայությանը հոգեբանորեն դնելու այնպիսի վիճակի մեջ, որ նրանք լքեն Արցախը՝ լուծելով ղարաբաղյան հիմնահարցը։

Պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության վերաբերյալ։ Գալստյանի համոզմամբ՝ եթե պաշտոնական Ստեփանակերտը չհստակեցնի կարգավիճակի հարցը, որևէ երկխոսություն լեգիտիմ չի լինի։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ծավալավող ներկայիս իրադրությանը՝ Արցախի խորհրդարանի պատգամավորը նշեց, որ, իր խորին համոզմամբ, Ռուսաստանի ոչ համարժեք արձագանքը կապված է ՀՀ վարչապետի կողմից ինչ-որ բանավոր համաձայնության հետ։ Այս կապակցությամբ հարկ է հիշեցնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո բազմիցս հրապարակային հայտարարել է, որ որևէ բանավոր պայմանավորվածություն և համաձայնություն չկա, ինչպես նաև նշել, որ բանակցություններում Հայաստանի տարածքով միջանցքի հարց չի քննարկվում։ Այլ պայմանավորվածությունների մասին հայտարարություններ չեն արել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս կողմերը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը։

Հայկ Մագոյան