Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի հետ։
-Արդեն չորրորդ օրն է՝ Արցախում հումանիտար ճգնաժամ է, գազ չկա, փակ է ԼՂ-ն Հայաստանին կապող ճանապարհը։ Որո՞նք են Ադրբեջանի իրական նկրտումները, և ինչպես եք տեսնում հարցի կարգավորումը։
-Կարծում եմ՝ ակնհայտ է, որ «էկոլոգիական ակցիան» կեղծ է։ Նույնիսկ աբսուրդային իրավիճակներում են հայտնվում նրանց «էկոլոգները», որի մասին փաստող բազմաթիվ տեսանյութեր կան։ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարություն է արել, որտեղ 6 կետով նշել է, թե որոնք են իրենց նպատակները։ Եվ այդտեղ էլ իրենց իսկ քարոզչության հետ հակասություններ կան։ Հաջիևը որպես առաջին նպատակ նշել է, որ պետք է պարտադիր դադարեցվի Կաշենի հանքի՝ իրենց մեկնաբանությամբ ապօրինի գործունեությունը։ Կեղծ պահանջ են ներկայացնում, որ պետք է բնապահպանները ուսումնասիրեն, որ հասկանան, թե ինչ վտանգ է ներկայացնում հանքի շահագործումը հարևան գյուղերի համար։ Բայց դեռևս չունենալով որևէ տվյալ՝ պաշտոնական մակարդակով հայտարարում են, որ պետք է ընկերությունն իր գործունեությունը դադարեցնի։ Նրանք նաև քաղաքական հարց են դնում, երբ տնտեսական գործունեությունը որակում են ապօրինի։ Կարծում եմ՝ շղթայական հայաթափման քաղաքականության շարունակությունն է։ Ադրբեջանը բազմիցս, պաշտոնական մակարդակով, հայտարարել է, որ Արցախում 20 հազար բնակիչ է ապրում, բայց հոկտեմբերի մեր հանրահավաքը ցույց տվեց, որ դա կեղծ է։ Արցախում 120 հազար մարդ է ապրում։ Երբ Ադրբեջանը տեսավ, որ հայաթափման քաղաքականությունը ցանկալի արդյունք չի տվել անցավ նոր մեթոդների։ Հասկանալով, որ մարդկանց մոտ անկումային տրամադրություններ են առաջանում, ակնկալում են, որ ճանապարհը բացելուց հետո մեծ քանակությամբ մարդ Արցախից դուրս կգա։ Նաև նշեմ, թե ինչու են թիրախում դրել հենց այս ընկերությունը։ Այդ ընկերությունը Արցախի ամենախոշոր հարկատուն և ամենամեծ գործատուն է, և, բնականաբար, այդ ընկերության գործունեության դադարեցումը որոշակի տնտեսական հետևանքների է բերելու, որն էլ իր հերթին արտագաղթի տեմպերի աճը մեծացնելու է։ Բայց կարծում եմ, որ, բացի սրանից, Ադրբեջանը նաև նպատակ ունի վարկաբեկել ռուս խաղաղապահներին։
-Պետական մակարդակով ի՞նչ է արվում հարցը լուծելու համար։
-Հիմա ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում։ Ճգնաժամը որոշակի մեղմելու և հաղթահարելու համար ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Կառավարության կողմից հրատապ խնդիրները շատ արագ լուծվում են։ Օպերատիվ շտաբի միջոցով լուծվում են նաև մեր այն քաղաքացիների խնդիրները, ովքեր մնացել են Արցախից դուրս՝ Երևանում կամ Գորիսում։ Պետք է նշեմ, որ տեղական իշխանություններն աջակցում են խնդիրների լուծմանը։ Ընդհանուր առմամբ, ռազմական դրության որոշ կետեր են խստացվել։
- Դուք՝ պատգամավորներով, հնարավորություն ունեցե՞լ եք հանդիպել ռուսական կողմի հետ։ Ի՞նչ են ասում, և ինչու՞ պատշաճ արձագանք դեռ չկա նրանցից։
- Հանդիպմանը ես չեմ մասնակցել։ Խմբակցության ղեկավարներն են մասնակցել։ Կարծում եմ՝ բավականին մտահոգիչ է, որ մինչև հիմա ռուսական կողմից արձագանք չկա։ Բայց երեկ Ալեն Սիմոնյանն իր ելույթի մեջ ակնարկեց, որ սպասվում է ռուսական կողմի համապատասխան հայտարարությունը։ Հույս ունեմ, որ այդ հայտարարությունը կլինի կոշտ, կարտահայտի մեր բոլոր մտահոգությունները և կարձանագրի ստեղծված իրավիճակը՝ փաստելով, որ Ադրբեջանը միակողմանի խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։
-Այդ կոշտ արձագանքը կարո՞ղ է զսպել Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, եթե հաշվի առնենք, որ մի շարք երկրներ հայտարարություններ արդեն հնչեցրել են։
-Իհարկե, միայն հայտարարությունը բավական չէ, բայց դա առաջին քայլն է։ Միանշանակ, հայտարարությանը պետք է հաջորդի նաև համապատասխան ճնշման գործիքակազմ, որովհետև չպիտի մոռանալ, որ Ռուսաստանը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերից մեկն է և Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկության ապահովման երաշխավորը։ Եվ եթե Ադրբեջանը մի կողմից պարտավորվում է, Ռուսաստանը մյուս կողմից երաշխավորում է։ Նաև Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչ գործիքակազմով պետք է իր ստանձնած պարտավորությունները կյանքի կոչի՝ քաղաքական ճնշման միջոցով, թե այլ մեխանիզմներով։
-Շատ է խոսվում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության մասին։ Դուք նման հնարավորություն տեսնու՞մ եք։
-Մենք այդ մասին անվտանգության խորհրդի հայտարարություն ենք ընդունել։ Գտնում եմ, որ նման երկխոսություն պետք է լինի, բայց միայն այն պայմաններում, երբ Արցախը լինի լիարժեք բանակցային կողմ։ Խոսքը ոչ միայն տեխնիկական հարցերով շփումների մասին է, պետք է նաև քաղաքական երկխոսություն ձևավորվի, ինչը կար առաջին փուլում։ Հիշենք, որ 1994-ի զինադադարը նաև արցախյան կողմն է ստորագրել։
Հայկ Մագոյան