Հանրապետությունում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիներն օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից բավականին վտանգավոր են: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Միայն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է, կամ դրանց անսարքությունը: Բարեբախտաբար, 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն արձանագրվել:
«Արձանագրենք, որ բնակարաններում գազի բալոնի պայթյունը կարող է դառնալ հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի պատճառ: Ավելորդ անգամ կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակներ չստեղծելու համար, անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը:
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարությունում: