Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ նշելով, որ նրանց պահանջը հեռու է բնապահպանական կոչվելուց:
Ըստ Արայիկ Հարությունյանի, Ստեփանակերտում վերջին հանրահավաքը, Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելն ու իր Ֆրանսիա այցը Ադրբեջանում ցավոտ են ընդունել. «Նրանց մոտ ձևավորված է կարծրատիպ, որ մենք համակերպվել ենք սոցիալական, կենցաղային խնդիրներով և հրաժարվելու ենք մեր ազգային ինքնորոշման քաղաքականությունից: Բայց նման մեծ հանրահավաքը, այցելությունը Ֆրանսիա... Ադրբեջանի համար դա եղել է շոկային: Ընդհուպ բազմաթիվ սպառնալիքներ են եղել իմ հասցեին, իմ նկատմամբ և այլն:
Սադրիչ գործողություններն արդյունք չեն տալու, միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի: Այսպես կոչված բնապահպանների դիտորդական այցին ի պատասխան Արցախի իշխանություններն էլ են պահանջներ ներկայացրել:
Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսևորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե իրենց նպատակը էկոլոգիական դիտարկումը, մոնիտորինգն է, ապա մենք դա առաջարկել ենք, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել»։
Նրա խոսքով, պետք է գիտակցել, որ նման ճնշումներով ցանկացած զիջում կորզելու պարագայում մենք ունենալու ենք հաջորդ զիջումը. «Մինչև այսօր մենք երբևէ որևէ զիջում չենք արել, երբևէ միակողմանի կամ պարտադրանքով որևէ հարց չենք լուծել: Միշտ եղել են խոսակցություններ, դրանց արդյունքում եկել ենք համաձայնության: Դա եղել է ենթակառուցվածքների, ճանապարհի, Սարսանգի ջրերի օգտագործման հետ կապված խնդիրներ: Միշտ եղել է երկխոսություն, այս անգամ դա խախտվել է»,-ասաց Արայիկ Հարությունյանը: