Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի ուղեկցությամբ այսօր երեկոյան այցելել է ԱՀ «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն, ծանոթացել թունավորման ախտանշաններով բուժհաստատություն տեղափոխված երեխաների առողջական վիճակին: «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը տեղեկացրել է, որ երեխաների վիճակը բավարար է:
Պետնախարարն այնուհետև հենց բուժհաստատությունում դեպքի հետ կապված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանի, ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի, «Արևիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանի, պատասխանատու այլ անձանց մասնակցությամբ:
Ընդհանուր առմամբ բժշկական հաստատություն է դիմել 19 երեխա, որոնց մոտ ախտորոշվել է «սուր գաստրիտ»՝ ենթադրաբար սննդային թունավորման հետևանքով: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն։
Ներկա պահին ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը գտնվում է «Արևիկ» բուժմիավորումում։ Ժամը 21-00 դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում բուժում է ստանում 4 երեխա, որոնց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։