Radar Armenia-ի զրուցակիցը ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանն է։
-Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու փորձն ի՞նչ էր նշանակում։
-Ադրբեջանական կողմն ասում է, որ Ստեփանակերտ-Գորիս երթևեկությունը ռուս խաղաղապահներն են արգելափակել, քանի դեռ բանակցություններ էին ընթանում, որպեսզի ապահովվեր մասնագետների մուտքը։ Այն, որ Բաքվից եկած մարդկանց հետ հանդիպել է խաղաղապահ զորախմբի հրամանատարը, թույլ է տալիս ենթադրել, որ նա տեղյակ է եղել։ Մնացածը վերլուծության թեմա է, դրանով պետք է զբաղվեն Արցախի պատկան կառույցները։
-Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվեց։ Որքանո՞վ է հավանական, որ ադրբեջանական կողմը կրկին նման գործողություններ կձեռնարկի։
-Որևէ երևույթ, կարծում եմ, պետք է դիտարկել փոխկապակցվածության կոնտեքստում։ Ամռանը Սարսանգի հիդրոհանգույցի հարցով Արցախ-Ադրբեջան համաձայնությամբ համատեղ ուսումնասիրություններ են կատարվել։ Ինչու՞ ադրբեջանցիները ճանապարհ չփակեցին, այսօր փակում են։ Եթե այս հարցի պատասխանը տրվի, հետագա զարգացումները կլինեն կանխատեսելի։ Պատասխան չկա, ուրեմն ոչինչ բացառելի չէ։
-Այս տարվա սկզբին էլ Ադրբեջանը կասեցրել էր Արցախի գազամատակարարումը. ըստ Ձեզ՝ հումանիտար խնդիրներ ստեղծելը դեռ որքա՞ն կշարունակվի։
-Իլհամ Ալիևը նոյեմբերի 17-ին ընդունել է Եվրամիության Արևելյան գործընկերության հատուկ բանագնացին և հավաստիացրել, որ «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ երկխոսության պատրաստ է»: Արցախի ԱԳՆ-ն փաստացի մերժել է։ Սա է, իմ կարծիքով, բուն խնդիրը։
-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր վերջին ասուլիսում հայտարարել էր, թե հայկական կողմը վերջերս ավելի շատ խոսում է ոչ թե ԼՂ կարգավիճակի, այլ Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների մասին, իսկ ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկել ու երաշխիքներ տալ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Արդյո՞ք հնարավոր է։
-Սերգեյ Լավրովը քաջ գիտի, որ Արցախի անվտանգություն և իրավունքներ ասելով Հայաստանը բոլորովին այլ բան նկատի ունի։ Իմաստ չունի մեկնաբանել Լավրովի հակասական հայտարարությունները։ Դա միայն կվնասի մեր բանակցային դիրքորոշմանը։
Հայկ Մագոյան