ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումներին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պետական նախարար Ռուբեն Վարդանյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի, բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների և ուժային կառույցների ղեկավարների ուղեկցությամբ:
Միջոցառումների մեկնարկը տրվել է հարգանքի տուրքով: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Հայրենիքի անկախության և իրավակարգի պաշտպանության համար նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև համակարգի ծառայողներին ողջունել ու մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է ՆԳ նախարարը: Կարեն Սարգսյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել համակարգի բոլոր ծառայողներին, ովքեր Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթները կատարում են անվերապահ նվիրումով:
«Երախտիքի խոսքս եմ հղում արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին: Հանրությունը ձեզանով է ընկալում և չափում ոստիկանության համակարգի գործառույթը: Շնորհակալություն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին: Գիշեր ու զօր նրանք պայքար են մղում հանցավորության դեմ: Այդ աշխատանքը հաճախ դուրս է մնում հանրության տեսադաշտից, բայց արժանի է մեծ գնահատանքի: Արդյունավետ բարեփոխումների իրական ճանապարհով երկրի բարձրագույն իշխանությունը և ՆԳ նախարարությունը այսուհետ ևս անելու են հնարավորը՝ ոստիկանի հեղինակության բարձրացման, ոստիկանության ծառայողի գիտելիքների կատարելագործման ուղղությամբ»,- ընդգծել է Կարեն Սարգսյանը:
«Հետպատերազմյան մարտահրավերների հաղթահարման, ներքին անվտանգության և օրինականության ապահովման գործում մեծ է ոստիկանության դերակատարումն ու ներդրումը»,- ելույթի իր խոսքում նշել է Հանրապետության նախագահը:
Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել զոհված ոստիկանների հարազատներին, նշելով, որ իրենց դաստիրակած հերոս զավակների շնորհիվ մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար: Հանրապետության նախագահի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:
Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը ևս շնորհավորել է համակարգի ծառայողներին: Նա ընդգծել է, որ տարիների նվիրական ծառայության արդյունքը՝ համակարգի հանդեպ հանրության վստահությունն է:
«Դժվար, բայցև պատվաբեր ուղի է անցել Արցախի ոստիկանը, վաստակելով մեր երկրի իրավակարգի պաշտպանը լինելու պատիվը: Իհարկե, այս ամենը՝ համակարգում ծառայող նվիրյալների շնորհիվ: Հաղթահարելով անցած տասնամյակների փոփոխությունների բարդ շրջափուլերն ու երկրին պատուհասած դժվարությունները, ոստիկանությունը րոպե անգամ չի ընկրկել, շարունակել է ծառայել հասարակությանն ու պետությանը: Հանցավորության դեմ ամենօրյա պայքարում, հասարակական կարգի ապահովման գործում և՛ թե արցախյան բոլոր պատերազմներում, Արցախի ոստիկանն առաջնագծում է»,- ելույթի իր խոսքում նշել է գնդապետ Հարությունյանը: