Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2022

USD394.53

EUR406.39

RUB6.03

Երևան 5 ℃

Рус Eng

Ստեփանակերտում խոսում են նախկին իշխանության որոշ առանցքային դեմքերի վերադարձի մասին

Արցախ

24 Նոյեմբերի, 21:13

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ։

-ԱՀ նախագահի հրամանագրերով 9 նախարար ազատվեց աշխատանքից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Ինչո՞վ է պայմանավորված կադրային այս փոփոխությունները։

-Կադրային փոփոխություններ դեռ չկան, նոր մարդիկ նշանակված չեն։ Երբ կնշանակվեն, այն ժամանակ կգնահատենք՝ սա, այսպես ասած, «տեխնիկակա՞ն ռոտացիա» է, թե՞ գործ ունենք քաղաքական ուղեգծի նորացման կամ շրջադարձային վերանայման հետ։

-Ըստ էության, 9 նախարարների աշխատանքն էլ ԱՀ նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանն է համակարգում։ Ինչու՞ հենց այդ նախարարները փոխվեցին։

-Դա նշանակում է, որ պետնախարարն այդ մարդկանց հետ աշխատելու հեռանկար չի տեսել և նախագահին առաջարկել է փոխել նրանց։ Նախագահն էլ ընդառաջել է։ Ինտրիգն այն է, թե այդ պաշտոններում ում է առաջարկելու պետնախարարը։ Եթե լինելու է քաղաքական ռեինկարնացիա, ո՞րն է իմաստը։ Ստեփանակերտում արդեն խոսում են նախկին իշխանության որոշ առանցքային դեմքերի վերադարձի մասին։ Դա շատ դժվար բացատրելի և գործնականում ոչ արդյունավետ կլինի։ Բայց սպասենք։

-ԱՀ նախագահը շրջանառությունից հանում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Ի՞նչ նպատակ ունի նախագիծը ետ կանչելը։

-Արցախում սահմանադրական փոփոխությունների հրամայականի մասին ես խոսել եմ 2018 թվականին, երբ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնից հրաժարական տվեց։ Այդ հնարավորությունը, ցավոք, չօգտագործվեց։ Այսօր ի՞նչ էին տալու նոր փոփոխությունները։ Գործնականում՝ ոչինչ։ Մանավանդ, նախագիծը հանրային լայն քննարկում չի անցել, քաղաքական ուժերն էլ, կարծես, սահմանադրության փոփոխությամբ փորձում էին այսրոպեական խնդիրներ լուծել։ Երևի կես տարի առաջ եմ խոսել սահմանադրական փոփոխությունների պահանջված չլինելու մասին։ Ժամանակը բաց է թողնվել։ Պետք է կենտրոնանալ պրագմատիկ լուծումների վրա։ Պետնախարարին տրված լայն լիազորությունները դե-ֆակտո վարչապետական են։ Ճիշտ է, գործող Ազգային ժողովը «կաղ բադիկ» է, քաղաքական դասավորությունը արդեն չի արտացոլում հանրային տրամադրությունները, բայց մենք մի իրավիճակում ենք, երբ պետք է հանդուրժողական լինել։ Հուսանք՝ նախագահ Հարությունյանին կհաջողվի պետնախարարի և կառավարության արդյունավետ գործունեության համար քաղաքական համերաշխության հասնել։ Կամ դա կանի պետնախարարն՝ ինքը։ Այդ դեպքում ամբողջական պատասխանատվությունը կծանրանա նրա և իր քաղաքական թիմի ուսերին։ Եվ մեզ կմնա արձանագրել, որ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն սխալվելու, այլև վրիպելու իրավունք չունի։

Հայկ Մագոյան

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից