Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է հոկտեմբերի 30-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստին և հանրահավաքին։ Նա հայտարարել է, որ ԱԺ արտահերթ նիստի կազմակերպիչն ինքն է՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորների և աշխատակազմի աշխատողների հետ միասին, իսկ հանրահավաքի կազմակերպիչը յուրաքանչյուր արցախցի է, ով մտահոգված է Հայրենիքի ճակատագրով։
«Արցախի խորհրդարանի բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին ժամը 15։00-ին տեղի կունենա արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային։ Ուղիղ հեռարձակմամբ նիստը հեռարձակվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ հրավիրված մեծ հանրահավաքի ժամանակ։ Նիստից հետո ելույթները շարունակվելու են հրապարակում՝ հանրահավաքի ընթացքում։ Հավաստիացնում եմ, որ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում»,-ասել է Թովմասյանը: