Պետք է պայքարենք՝ ապրելով Արցախում, սա է մեր կարգախոսը։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին նույնիսկ չեն էլ մտածում։
«Արցախը կա, ղեկավարվում է պետության գլխավոր փաստաթղթով՝ ԱՀ սահմանադրությամբ, օրենքներով։ Երկիրն ապրում է նույն տրամաբանությամբ՝ իհարկե ունենալով տարածքային և մարդկային մեծ կորուստներ։ Այլ կարգավիճակում Արցախը պատկերացնել անհնարին է։ Դե ֆակտո՝ անկախությունը չի քննարկվում։ Իհարկե, դե յուրե ճանաչման առումով շատ ժամանակ ունենք անցնելու, պայքարելու, տարիներ, տասնամյակներ։ Պայքարը պիտի շարունակել միջազգային հարթակներում, տարբեր երկրների, բարեկամ երկրների, ժողովրդավարությունը հարգող երկրների հետ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ այսօր իրավիճակն ավելի է բարդացել, Արցախյան խնդիրը ստորադասվում է և նպաստավոր առաջարկություններ չեն ներկայացվում։
«Դա չի խանգարում մեզ իրացնելու ՄԱԿ-ի կանոնադրության ազգերի ինքնորոշման նորմը, և մեր պայքարը լինելու է դրա շրջանակներում։ Արցախը հայկական պահելու լավագույն բանաձևն Արցախում ապրելով պայքարելն է: Ես ու իմ ընտանիքն ընտրել ենք այդ ուղին»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը՝ հավելելով, որ լքելով Արցախը՝ տարիների պայքարն ի չիք է դառնում։
Արայիկ Հարությունյանը բարձր գնահատեց ռուս խաղաղապահների դերն Արցախում։ Նա շեշտեց, որ Արցախի ապագան առանց ՌԴ երաշխավորության չի պատկերացնում։
Արցախի նախագահը նաև նշեց, որ ակտիվ զարգանում են բնակարանաշինությունը, տնտեսական ծրագրերը, կա ծնելիության աճ և շուտով կհասնեն նախապատերազմյան բոլոր ցուցանիշներին։․ «Շարունակելու ենք Արցախը դարձնել ամրոց, արցախահայությանը՝ բանակ»։