Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությանը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ Ընդգծվել է ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։
Հանրապետության նախագահը և Արցախի խորհրդարանականները կարևորել են պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում: