Արցախ

Արցախի ԱԳՆ-ն պատմական զեղումներով է պատասխանում կոնկրետ հարցերին

Radar Armenia-ն գրավոր հարցում էր ուղարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով պատասխանել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և դրա պատմության վերաբերյալ երեք հստակ հարցի։ Նախ, ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից գրավոր հարցումը վերահասցեավորել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ով կոնկրետ հարցերին պատասխանել է պատմական զեղումներով։

Հետաքրքրվել էինք, թե 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ինչու չհաջողվեց հասնել ԼՂ հարցի փոխզիջումային կարգավորմանը։ Արդյո՞ք ԼՂ քաղաքական էլիտան համաձայն չէր սեղանին առկա հնարավոր լուծումներին։ Այս կապակցությամբ մեջբերել էինք ԼՂ խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանի՝ 2020թ. նոյեմբերի 28-ին արած հայտարարությունը. «2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը հանդիպեցին 22 պատգամավորի հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ՝ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց՝ «դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, և եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը»։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր»։ 

Այս հարցին ի պատասխան՝ ԱՀ ԱԳ նախարարը պատմական էքսկուրս է կատարել՝ բացատրելով Ադրբեջանի էթնոքաղաքականության ձևավորման առանձնահատկությունները։

Մեր երկրորդ շատ հստակ ձևակերպված հարցին՝ տեղյա՞կ եք 2018թ. հունվարին ներկայացված «կրակովյան» առաջարկներից, արդյո՞ք դրանք բալանսավորված լուծում էին խոստանում, և արդյո՞ք դրանց իրագործման համար կային բավարար նախադրյալներ, ԱՀ ԱԳ նախարարը պատասխանել է՝ «Կարծում եմ՝ նախորդ հարցի պատասխանում տրվել է նաև այդ հարցի պատասխանը»։

Ստորև ներկայացնում ենք ԱՀ ԱԳՆ-ից ստացված պատասխանը, և ընթերցողի դատին է մնում՝ արդյո՞ք Արցախի ԱԳ նախարարը պատասխանել է կրակովյան առաջարկների մասին մեր հարցին։ Կարելի է ասել, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը անգամ պատերազմից ու նման արդյունքից հետո է հրաժարվում քաղաքական հասկանալի ու բաց պատասխաններ տալ կոնկրետ հարցերին՝ նախընտրելով Գյուլիստանի, պանթուրքիզմի ու այլմոլորակայինների գործոնների հիշատակումը և, այդպիսով, կրկին ու կրկին փախչում ռեալ մարտահրավերներից ու հանրության հետ բաց երկխոսությունից։