Արցախ

«Արցախում ապրելը, կրթելը, ուսանելը հեշտ չէ, բայց այն պատվաբեր է»․ Արտակ Բեգլարյան

«Արցախում ապրելը, կրթելը, ուսանելը հեշտ չէ, բայց այն պատվաբեր է»․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ մասնակցել է Ստեփանակերտի, Շուշիի և Հադրութի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությանը:

Պետական նախարարը լսել է նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումների ու հիմնախնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին Ստեփանակերտի քաղաքային, Շուշիի և Հադրութի շրջանային հանրակրթության ոլորտի պատասխանատուների զեկույցները, առանձին ու մանրամասն քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները: Արտակ Բեգլարյանը և ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմը ներկայացրել են այն հիմնական դիտարկումները, որոնք առանցքային նշանակություն ունեն կրթության որակի բարելավման ու կրթօջախների արդյունավետ գործունեության ապահովման համար:

Պետական նախարարն ընդգծել է, որ կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԱՀ կառավարությունն իրականացնում է հետևողական քաղաքականություն, և առաջիկայում, ուսուցչական կազմի հետ համաձայնեցմամբ, կնախաձեռնվեն համակարգային բարեփոխումներ՝ ձևավորելու արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ և մեր առանձնահատկություններին համապատասխան կրթական համակարգ:
 
«Իմ պատկերացմամբ՝ առաջիկա ուսումնական տարին պետք է խոր վերլուծության և պլանավորման ժամանակահատված լինի՝ բոլոր հիմնախնդիրները, երկարաժամկետ նպատակներն ու անելիքները համատեղ վեր հանելու առաջնահերթությամբ: Մեր հիմնախնդիրների երկարաժամկետ ու հիմնարար լուծումները հնարավոր են որակյալ կրթության միջոցով: Այո՛, Արցախում ապրելը, կրթելը, ուսանելը հեշտ չէ, շատ ավելի դժվար է, քան աշխարհի երկրների գերակշիռ մասում: Բայց այն պատվաբեր է մեզ համար, և մենք մեր պատիվն ու ստանձնած առաքելությունը պետք է բարձր պահենք, որի միջոցով կկարողանանք հաղթահարել դժվարությունների հերթական փուլը»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Օգոստոսյան խորհրդակցության ժամանակ տնօրենների ու ուսուցիչների հետ պետական նախարարը քննարկել է նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ոլորտում առկա խնդիրներին և լուծման ուղիներին առնչվող տարաբնույթ հարցեր: Պետական նախարարը մասնակցել է նաև Ասկերանում և Մարտակերտում հրավիրված համաբովանդակ խորհրդակցություններին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական