Արցախ

ԱՀ ՄԻՊ-ը կառավարությանը կոչ է անում ժամանակին ու պատշաճ հանդես գալ իրազեկող հայտարարություններով

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. 

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը: Այս իրավունքն ապահովելու համար ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերում նախատեսված է նաև պետական տարբեր մարմինների՝ «թույլատրելի» սահմաններում հրապարակային գործելու պարտականությունը:

Արցախի Հանրապետության քաղաքացիները ունեն Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք և բարոյական անհրաժեշտություն: Այդ իրավունքը վերաբերում է նաև այնպիսի իրադարձություններին, որոնք առաջիկա ծրագրեր են և ուղղակիորեն առնչվում են անձնական և հանրային կյանքի կազմակերպման որոշակի գործընթացների (ճանապարհների կառուցում և երթուղիների փոփոխություն, համացանցի ապահովում, էներգա և գազա մատակարարում, կապի այլ միջոցների անցկացում և այլն):

Նմանատիպ հարցերում կառավարության անգործությունը կամ պասիվությունը հանրության շրջանում մեծացնում է անորոշության զգացողությունը, հավելյալ մտահոգության և անհանգստության պատճառ դառնում:

Վերոնշյալ հետևանքներից խուսափելու համար Արցախի Հանրապետության կառավարությանը կոչ ենք անում լիարժեքորեն ապահովել տեղեկացված լինելու՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքը և հանրային կյանքին առնչվող հարցերի շուրջ պարբերաբար, ժամանակին և պատշաճ կերպով հանդես գալ իրազեկող հայտարարություններով»: