Արցախ

Առանց անվտանգային հարցերը կարգավորելու նոր ճանապարհը չեն շահագործի

Այսօր կայացել է Արցախի խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ քննարկումը ծավալվել է 2 հարցի շուրջ. «Առաջինը նոր ճանապարհի՝ միջանցքի հետ կապված հարցն էր։ Երկրորդը՝ վերջերս ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի արած հայտարարությունը, որ մինչև նոր ճանապարհը պատրաստ չլինի, խաղաղապահները չեն տեղափոխվի»։

Ըստ Հարությունյանի՝ այստեղ երկիմաստություն ու թյուրըմբռնում կար՝ խոսքը հիմնակա՞ն ճանապարհի մասին էր, որը պետք է անցնի Կոռնիձորով, թե՞ այլընտրանքային, որը ժամանակավոր պետք է օգտագործվի։

Հարությունյանը մանրամասնեց՝ քննարկումների արդյունքում խաղաղապահ զորախմբի ղեկավարի կողմից նշվել է, որ նկատի են ունեցել այլընտրանքային ճանապարհը, որը մինչև ամսվա վերջ պետք է հանձնվի շահագործման. «Ադրբեջանական կողմից վստահեցրել են, որ մինչև նոր ճանապարհը պատրաստ չլինի, և անվտանգային բոլոր բաղադրիչները չհամապատասխանեն միջանցքի տրամաբանությանը, չեն շահագործի»։

Արթուր Հարությունյանը նաև հավելեց. «Մենք Շուշին անցնելու ենք Հին Շեն- Մեծ Շենի հատվածով, ապա գետի վրայով կառուցված կամրջով հասնելու ենք Հայաստանի տարածք։ Եվ այդտեղից պետք է ճանապարհը Կոռնիձորով դուրս գար, իսկ այլընտրանքային ճանապարհը Կոռնիձոր չի հասնում։ Այլընտրանքային ճանապարհը մինչև ամսվա վերջ կշահագործվի։ Դա 4,5 կմ ճանապարհ է, և այս պահին բարեկարգման աշխատանքներ են տարվում։ Դա Աղավնոյի վերևի հատվածն է, շրջանցում է Աղավնոն ու այնտեղից Տեղ գյուղով շարունակվում»։

Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է կապին և կոմունիկացիաներին առնչվող հարցեր։ Պատգամավորը մանրամասնեց՝ էլեկտրաէներգիայի և կապի մի մասն անցնելու է նոր ճանապարհի կողքով, դրանց նախագիծն արդեն կա, իսկ գազի մասով լրացուցիչ քննարկումների կարիք կա։

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ երկրորդ հարցը վերաբերվել է օգոստոսյան էսկալացիային. «Ռուս խաղաղապահ զորախմբ ղեկավարը նշեց, որ իրենց կողմից եզրահանգումներ ևս արվել են, և ջանքեր են գործադրելու՝ նման միջադեպերից խուսափելու համար, որովհետև հրադադարի ռեժիմը խախտողը ադրբեջանական կողմն է»։

Հայկ Մագոյան