Արցախ

Տեղահանված արցախցիներից պահանջել են ազատել վարձակալած բնակարանները․ ԱՀ դատախազություն

Տեղահանված արցախցիներից պահանջել են ազատել վարձակալած բնակարանները․ ԱՀ դատախազություն

Արցախում անբարեխիղճ վարձատուների պատճառով տեղահանվածները զրկվել են վարձակալած բնակարանում բնակվելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը՝ նշելով, որ իրականացվում են ստուգումներ։

Նշվում է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար, հաշվի առնելով ազատ բնակարանների սահմանափակ քանակը, պետությունն անշարժ գույքի սեփականատերերի համաձայնությամբ վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու պայմանով՝ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցելով վերոնորոգման նպատակով կատարված ծախսը:

ԱՀ կառավարության թիվ 736-Ն առ 29.06.2022թ. որոշմամբ հաստատվել էր պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն տրամադրելու կարգը, որի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հիշյալ ծրագրի շահառու չի հանդիսանում պետական ծրագրերի շրջանակներում գնված, կառուցված (վերակառուցված) կամ վերանորոգված և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակտարածքում բնակվող անձը:

Կառավարության հիշյալ որոշումն ընդունելուց հետո պետական միջոցներով վերանորոգված անշարժ գույքի մի շարք սեփականատերեր տեղահանված քաղաքացիներից պահանջել են ազատել բնակարանը, քանզի վերջիններս 40.000-ական դրամի չափով աջակցության ծրագրի շահառու չեն և, ենթադրաբար, չեն կարողանալու վարձավճար վճարել կամ պահանջված չափով վճարել:

Արդյունքում՝ տեղահանված քաղաքացիները մի դեպքում զրկվել են այն բնակարանում բնակվելու իրավունքից, որտեղ պետությունը վերանորոգում էր կատարել, մյուս կողմից էլ չեն կարող ստանալ դրամական աջակցություն, քանի որ հիշյալ ծրագրի շահառու չեն: Ստացվում է, որ անշարժ գույքի սեփականատեր-պետություն հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով տուժել է տեղահանված քաղաքացին:

Նկատի ունենալով, որ քննարկվող դեպքում առկա են պետական միջոցների հաշվին անհիմն հարստանալու, պետության հետ կնքված գործարքը միակողմանի և ապօրինաբար խզելու կամ պետության հետ գործարք կնքելուց հրաժարվելու դեպքեր, ԱՀ դատախազություն ներկայացված դիմումի հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում մեկնարկել են դատախազական ստուգումներ: Պետական միջոցներով վերանորոգված բնակարանների ցանկը ստանալու համար հարցումներ են ուղարկվել ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական