K 17-ին ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի արած հայտարարությունը նոր Լաչինի միջանցքի վերաբերյալ հավելյալ մեկնաբանությունների և պարզաբանումների անհրաժեշտություն առաջացրեց, ինչի կապակցությամբ օրերս պիտի կայանա հանդիպում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության անդամ, ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Նախ պետք է ֆիքսել ի՞նչ է նշանակում նոր Լաչինի միջանցքի վերջնական պատրաստ լինելը, քանի որ ըստ դեսպանորդի, մինչև նոր ճանապարհի պատրաստ լինելը ռուս խաղաղապահները մեկ սանտիմետր չեն տեղաշարժվելու, պետք է ճշտել այդ պարագայում ինչո՞ւ են հիմա Բերձորից, Աղավնոյից և Սուսից տեղահանում հայ բնակչությանը: Անհրաժեշտ է նաև հստակեցնել՝ կա՞ արդյոք նոր ճանապարհի հստակ նախագիծ քաղաք Ստեփանակերտից մինչև ՀՀ սահման, և, եթե կա, ապա այդ նախագիծը ովքե՞ր են համաձայնեցրել և ստորագրել, որովհետև սա համարվում է ի կատարումը 2020 թ.-ի հայտարարության 6-րդ կետի, որը ստորագրել են երեք պետությունների ղեկավարները»,- ասում է Արցախի ԱԺ պատգամավորը՝ պարզաբանելով, թե ինչ հարցեր են քննարկվելու ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Հակոբյանն ասում է՝ ամենագլխավորը պետք է ճշտել, արդյո՞ք նախագծում ներառված է նաև կոմունիկացիաների հարցը՝ էլեկտրաէներգիա, գազ, կապի միջոցներ և ի՞նչ իրավական ռեժիմով է գործարկվելու այդ ճանապարհը:
«Ռուսական կողմը պետք է հստակ գիտակցի, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև եղած կապը մեր համար ունի գոյաբանական նշանակություն, որ այն մեր համար սոսկ ճանապարհ չէ, այլ անվտանգային համակարգ է, որից կախված է Արցախում հայի բնակվել չբնակվելու հարցը: Այս հանդիպումը մեր նախաձեռնությունն է, իսկ իշխանությանը ներկայացնող խորհրդարանական ուժերը կմասնակցեն, թե ոչ՝ իրենք պիտի որոշեն»,-ասաց պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հարցին՝ իսկ, ո՞ր օրն է լինելու ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ հանդիպումը Արցախի «Արդարություն» կուսակցության անդամ, ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ հարցը դեռ չի հստակցեցվել։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին նմանօրինակ հանդիպում էր տեղի ունեցել ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ մայոր Անդրեյ Վոլկովի և Արցախի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների միջև։
Հայկ Մագոյան