Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք Արցախի Աղավնո, Բերձոր բնակավայրերի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց համայնքները, քանի որ, ըստ 2020թ. նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի համատեղ հայտարարության, վերը նշված բնակավայրերը պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ։
«Աղավնոյի բնակիչների և առհասարակ տարբեր համայնքների բնակիչների հետ ԱՀ ՄԻՊ-ը բավականին ակտիվ աշխատում է և անհրաժեշտության դեպքում ՄԻՊ գործառույթներից բխող բոլոր միջոցառումներն իրականացվում են»,-ասաց ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հանդիպել է Աղավնոյի բնակիչներին, լսել նրանց հուզող խնդիրները։
Անդրադառնալով Աղավնոյի բնակիչների կողմից բնակարանը այրելու դեպքին և դրանից բխող հետևանքներին` Ստեփանյանն ասաց, որ մեծ հաշվով այս պահին որևէ հետևանքի մասին խոսք լինել չի կարող։
«Առիթ ունեցել եմ անդրադառնալու այս հարցին, որ տները վառելը չեն կարող անդրադառնալ սերտիֆիկատների կամ բնակապահովման խնդրին, որովհետև բնակապահովման հարցն առաջանում է, եթե անձն ունի տեղահանվածի կարգավիճակ և բնակտարածքի կարիք, և, ըստ այդմ էլ, շահառու է դառնում պետության կողմից հաստատված ծրագրերի»,-նկատում է ԱՀ ՄԻՊ-ը։
Ստեփանյանն ասում է, որ պետք է այս հարցը փակել և շահարկման առարկա չդարձնել՝ պարզաբանելով, որ նշվել է՝ որևէ գործողություն չի կարող խանգարել անձի՝ այլ իրավունքերի իրացմանը։
Խոսելով Աղավնոյի բնակիչների դժգոհությունների մասին` Արցախի Մարդու իրավուքների պաշտպանն ասաց, որ ՄԻՊ-ը բողոքներ չի ստացել։
«Իհարկե այս հարցի առնչությամբ Արցախի Կառավարության հետ կապի մեջ եմ և տեղեկանում եմ, թե ինչպիսի ծրագրեր են գործարկված և իրականցվում։ Գիտեմ, որ «Կարմիր խաչ»-ի կոմիտեն է աջակցում Աղավնոյի, Բերձորի բնակիչներին։ Գործարկված ծրագրերից կարող եմ նշել «Կարմիր խաչի»-ի կողմից յուրաքանչյուր տեղահանված ընտանիքին 250 հազար դրամ աջակցությունը, որի նպատակն է հոգալ բեռնափոխադրումների ծախսերը»,-պարզաբանում է Գեղամ Ստեփանյանը և հավելում, որ «Կարմիր խաչ»-ը տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամին երկու ամիս տրամադրելու է 70 հազար դրամ, բայցի այս՝ Աղավնոյի և Բերձորի բնակիչները նաև շահառու են հանդիսանելու ԱՀ-ի կողմից իրականացվող 40 հազար դրամի չափով աջակցության ծրագրին, որի համաձայն տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամը կստանա այդ գումարը բնակարան վարձելու նպատակով։
Արցախի ՄԻՊ-ը նաև նշում է, որ տեղահանվող բնակավայրերից գերեզմանների տեղափոխման համար Արցախի Կառավարության կողմից 100 հազար դրամի աջակցության ծրագիր է իրականացվում։ Ստեփանյանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ կա նաև բեռնափոխադրում իրականացնելու համար դիզվառելիքով աջակցելու ծրագիր։
Բնակապահովման և բնակարան գնելու հավաստագիր տրամադրելու մասով էլ Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ այն անձինք, ովքեր կնախընտրեն մշտական բնակություն հաստատել Հայաստանում, ապա կարող են օգտվել այս ծրագրից։ Իսկ Արցախում ապրելու ցանկություն հայտնած քաղաքացիները կարող են օգտվել արտոնյալ վարկավորման ծրագրից։
«Բացի այս՝ Արցախում գործում է ևս մեկ ծրագիր, ըստ որի հերթագրվում են և որպես տեղահանված անձինք ստանալու են արդեն պատրաստի բնակարան»,-ներկայացնելով իրավիճակը ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հատուկ ընդգծելով, որ տեղահանված անձանց խնդիրները ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են և իրենք շարունակելու են լուծել դրանք. «ՄԻՊ-ի համար տարբերություն չկա, թե տեղահանված անձինք Աղավնոյից, Շուշիից, թե Հադրութից են։ Բոլորին հավասար աչքով ենք նայում»,- վստահեցնում է Գեղամ Ստեփանյանը։
Հայկ Մագոյան