Արցախ

44-օրյա պատերազմից հետո տասնյակ լուրջ ռազմական բախումներ են տեղի ունեցել

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը քանիցս խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և ռազմական ագրեսիա կիրառել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմաններին։ Radar Armenia-ն ներկայացնում է 2020 թվականի նոյեմբերից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի  խախտումները, էսկալացիաներն ու դրանց հետևանքները։

Ադրբեջանական զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ եռակողմ հայտարարությունից մեկ ամիս անց, հարձակվեցին Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում ադրբեջանական կողմին հաջողվեց մտնել Հին Թաղեր՝ ընդհուպ մոտենալով Խծաբերդին։ Վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցավ 6 վիրավոր։ 2020թ. դեկտեմբերի 13-ին հրավիրված անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն հատեց Հայաստանի պետական սահմանը և խորացավ մինչև 3,5 կմ՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու հայ զինծառայողների գերեվարումը հիմնավորելով սահմանների ճշգրտմամբ։ Իսկ մայիսի 13-ին ադրբեջանցիները ներխուժեցին Գեղարքունիքի Կութ, Վերին Շորժա, Նորաբակ բնակավայրեր՝ խորանալով մոտ 2 կմ։ Ադրբեջանցիները հաստատվեցին  նաև Սոթք-Խոզնավար հատվածում՝ օկուպացնելով շուրջ 45 կմ² տարածք։ Նշենք՝ մինչ օրս ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն եկել ՀՀ սուվերեն տարածքներից։ 

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Երասխ գյուղին հարող հատվածում նախաձեռնեցին սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով զոհվեց ՀՀ ԶՈՒ պայմանագրային մեկ զինծառայող։ Նման սադրանք կրկնվել է նաև հուլիսի 28-ին։

Հայաստանում և Արցախում սահմանային լարվածություն նկատվել է նաև 2021 թվականի  օգոստոսին, երբ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են ՀՀ և Արցախի մի շարք բնակավայրերը։ Նմանօրինակ միջադեպ տեղի է ունեցել  2021թ. օգոստոսի 11-ին՝ Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մերձակայքում, որոնք շարունակական բնույթ են կրել նաև օգոստոսի 16-ին՝ Երասխի, Սյունիքի Սև լճի մոտակայքում և Գեղարքունիքի ուղղությամբ՝ թիրախավորելով սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությանը, իսկ օգոստոսի 17-ին նմանօրինակ միջադեպ արձանագրվել է Սոթքի հատվածում:

2021թ. հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը, որի հետևանքով Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում վիրավորվել է Արցախի ՊԲ 6 զինծառայող։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև հոկտեմբերի 15-ին՝ Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ, գնդակոծելով ՊԲ-ի սանիտարական մեքենան:

2021թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի բանակը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով երեք հոգի վիրավորվեց, մեկ հոգի՝ զոհվեց:

2021թ. նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Դեկտեմբերի 10-ին նման մի սադրանքի հետևանքով էլ զոհվեց մեկ զինծառայող, ևս ութը՝ վիրավորվեցին:

2022 թ. հունվարի 11-ին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմն, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, ևս երկուսը՝ վիրավորվել։ Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է նաև ս.թ. մարտի 7-ին՝ ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմը մեկ զոհ և մեկ վիրավոր ունեցավ։ 

2022 թ. մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմանը նախորդել է հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների անդադար գնդակոծությունը, ինչպես նաև՝ Փառուխի մերձակա Խրամորթ գյուղի բնակչությանը ադրբեջանական կողմից օրեր շարունակ բարձրախոսներով հնչեցրած սպառնալիքները՝ լքել բնակավայրը։ Մարտի 9-ին և 10-ին էլ Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել էին Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը։ Նշենք՝ ԱՀ ՊԲ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են անցել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և հարակից բարձունքները, ապա՝ փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Հակառակորդը առաջխաղացում էր ունեցել նաև Քարագլուխ բարձունքի ուղղությամբ։

2022թ. օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ռազմական գործողություններ հրահրելով Արցախի տարբեր հատվածներում։ Հայկական կողմը 2 զոհ և 19 վիրավոր ունեցավ։ Ադրբեջանական կողմի ճնշումների հետևանքով արցախահայերը պետք է մինչև օգոստոսի 25-ը լքեն Բերձորը, Աղավնոն, ապա նաև՝ Սուս բնակավայրերը։ Դիրքային առաջխաղացման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ այս պահին չկան։

Հիշեցնենք՝ արցախա-ադրբեջանական սահմանին իրադրությունը դեռևս շարունակում է մնալ լարված։

Հայկ Մագոյան