Արցախ

Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով. Հայկ Խանումյան

Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով. Հայկ Խանումյան

Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Հունանավան-Մեղրաձոր բնակավայրերով, հետևաբար, ինչ-որ ձևով Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա՝ միջանցքի տեսքով։ Բնակավայրերում ավանդաբար տնտեսությամբ են զբաղվում՝ մեղվաբուծությամբ, անասնապահությամբ։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ եթերում ասել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

«Ինչ վերաբերում է Աղավնոյին և Բերձորին, ապա գիտեք, որ մեզ հաղորդել են ռուսական զորախմբի՝ միջանցքի գործող տարածքից դուրս գալու և նոր տարածք տեղափոխվելու մասին, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել քաղպաշտպանության պլանի համաձայն՝ որոշակի գործողություններ անելու»,- նշեց Խանումյանը՝ հավելելով, որ վատ փորձ ունենք՝ քաղպաշտպանության պլանի որոշակի գործողություններ չանելու և պատերազմից հետո որոշ համայնքների բնակիչներին չտարհանելու, որը զուգակցվել է մարդկանց ստորացնելով տարհանմամբ։

Խանումյանի խոսքով՝ բնակիչների մի մասը կտեղափոխվեն Արցախ, մի մասը՝ ՀՀ։ Իսկ թե ինչով է պայմանավորված վերջնաժամկետը՝ օգոստոսի 25-ը, Խանումյանը նշեց, որ ի սկզբանե որպես վերջնաժամկետ էր նշվել օգոստոսի 5-ը, բանակցությունների արդյունքում՝ վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը։

Հարցին՝ օգոստոսի 25-ից հետո այս բնակավայրերի բնակիչներն ինչ կարգավիճակով են լինելու, որ ծրագրերից կարող են օգտվել՝ Խանումյանը պատասխանեց՝ ունենալու են տեղահանվածի կարգավիճակ և օգտվելու են պատերազմի հետևանքով տեղահանված անձանց վերաբերյալ ծրագրերով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական