Աղավոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տարհանման պլան է ներկայացրել՝ ճշտելով, թե բնակիչը որտեղից է եկել և ուր է գնալու։
Նրա խոսքով. «Հայկ Խանումյանի ասելով չէ՝ արդեն որոշվել, ստորագրվել է, որ գյուղից մարդիկ պետք է դուրս գան։ Եթե պետությունը չի կարողանում պաշտպանի իր հայրենակիցներին՝ ժողովուրդն ի՞նչ անի»։
Գյուղապետը նշեց, որ գյուղը լքելու մասին շրջանառվող լուրերը նորություն չեն։ Ըստ նրա՝ Խանումյանը պարզապես ներկայացրել է տարհանման պլանը, որի ժամկետը օգոստոսի 25-ն է. «Ազերիները ճանապարհի կառուցման իրենց պարտավորությունը կատարել են և գրավոր ժամանակ են տվել՝ նշված ժամկետին չեղավ, զորք է իջնելու»։
Հարցին՝ գյուղացիները ինչպե՞ս են տրամադրված Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ ոչ ոք չի ցանկանում լքել իր տունը, բայց շրջափակման մեջ չհայտնվելու համար ստիպված են լինելու։
Radar Armenia-ն նաև փորձեց զրուցել Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ, բայց զանգերը մնացին անպատասխան։
Հայկ Մագոյան