Արցախում տիրող սահմանային լարված իրավիճակի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանի հետ:
- Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված երեկվա հրադադարի խախտման փորձը. Ադրբեջանը ինչու՞ է ակտիվացել հատկապես հիմա, ու ինչու՞՝ Արցախում։
- Ես չեմ կարող որոշ փորձագետների նման խոսել «թշնամու անունից» և ձևակերպել նրա պահանջները: Կարծում եմ՝ սրացումը պայմանավորված է ԼՂ խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերություններից տարանջատելու մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունից Ադրբեջանի խոր մտահոգությամբ: Բաքվի մտադրությունն է՝ բոլոր հարցերը լուծել «մեկ փաթեթով»: Քաղաքական այլ պատճառ չեմ տեսնում:
- Խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ֆոնին նման սադրանքը չի՞ նվազեցնում դրա իրատեսական լինելը։
- Խաղաղության պայմանագրի բանակցություններ չեն ընթանում, որտեղի՞ց նման տպավորություն: Ադրբեջանը դժգոհ է, որ Հայաստանը չի ձևավորել բանակցությունների պատվիրակություն, աշխատանքային խումբ: Հնարավոր է՝ ռազմական սադրանքները նաև այդ գործընթացն արագացնելու կամ Հայաստանին ավելի բարդ երկընտրանքի տանելու նպատակ են հետապնդում:
- Թեև ադրբեջանական կողմը սադրանքի էր դիմել Արցախում, բայց Ռուսաստանի ՊՆ՝ օգոստոսի 1-ի տեղեկագրում ասվում է, որ ռուս խաղաղապահները խախտումներ չեն արձանագրել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
- Չեմ հետևել, պաշտոնական աղբյուրի տեղեկություն չունեմ: Նախորդ՝ Թաղավարդի ուղղությամբ հրադադարի խախտումը ՌԴ ՊՆ կողմից հստակ և հասցեական արձանագրվել էր: Ընդ որում, ձևակերպված էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդակոծել է ԼՂ զինված կազմավորումների դիրքերը: Բաքվում դա շատ ցավագին են ընդունել:
Հայկ Մագոյան