Հասարակություն

Հերթական հրաշքի մասին. բարեհաջող իրականացվել է 8-ամսյա երեխայի լյարդի փոխպատվաստումը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Արմոս Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ բարեհաջող իրականացվել է 8-ամսյա Տիգրան Ավանեսյանի լյարդի փոխպատվաստումը։

Վիրահատությունը բավականին լավ է անցել, այն տևել է ավելի քան 14 ժամ: Նմանատիպ բարդ և կարևոր վիրահատությունը հնարավոր է եղել իրականացնել Բելառուսից ժամանած բժիշկների և Արաբկիր ԲՀ-ի բժիշկների ու բուժանձնակազմի համատեղ գործակցության և մեծ ջանքերի շնորհիվ, որի համար շատ շնորհակալ ենք։
Տիգրանի լյարդի փոխպատվաստման դոնոր հանդիսացել է իր մայրիկը, և ներկա պահին երկուսի ցուցանիշներն էլ բժիշկները գնահատում են լավ:
Իհարկե, երեխային դեռ հետվիրահատական բարդ շրջան է սպասվում, սակայն լիահույս ենք, որ Տիգրանը ուժեղ կգտնվի և կհաղթահարի իր կյանքի գուցե ամենադժվար փորձությունը։
Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին մեծ հոգատարության ու սրտացավության համար: 
Հիշեցնենք, որ Տիգրանի հայրը արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից է:
Այս բացառիկ վիրահատությունը հնարավոր է դարձել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի կառավարության (ի դեմս առողջապահության նախարարության) համաֆինանսավորմամբ, որն արդյունավետ համագործակցության հիանալի օրինակ է:
Եկեք շուտափույթ ու լիարժեք ապաքինում մաղթենք փոքրիկին»։