Արցախ

Բերձորում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը. Արայիկ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պատասխանելով «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի Լաչինի միջանցքին զուգահեռ կառուցվող ճանապարհի և Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում հայերի բնակության հարցին, ասել է, թե Բերձորում արցախցիների ապրելու հնարավորությունը շատ քիչ է համարում։

«Կապված երթուղու հետ, մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն՝ և Ադրբեջանի կողմից, և ՌԴ-ի կողմից. բոլոր առաջարկությունները մերժվել են: Գործող մայրուղին, ավելի ճիշտ առաջարկվողը, քննարկվել է մի քանի անգամ՝ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել: Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը: Ճանապարհն ավարտվելուց հետո, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու՝ որակի առումով համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում, արդյոք լինելու է անվտանգ, իսկ իմ կարծիքով՝ շատ ավելի անվտանգ է լինելու՝ բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով».- ասել է նախագահը։ 

Անդրադառնալով Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում հայերի բնակության հարցին՝ Արայիկ Հարությունյանը ասել է, որ նման հարց չի քննարկվել և, որ խոսքը միայն Աղավնո բնակավայրի մասին է, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարության 6-րդ կետում գրված է, որ մենք պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք: Իսկ Աղավնոյի մասով՝ ԱՀ իշխանությունները բանակցությունները շարունակում են տանել: «Մենք որևէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք Բերձորից։ Սուս գյուղում մենք այսօր համարյա բնակիչ չունենք, նաև, որքան գիտեմ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը»: