Արցախ

«Հորդորում ենք չշահարկել ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող աշխատանքի արդյունավետությունը»․ Արցախի ԱԱԾ

«Հորդորում ենք չշահարկել ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող աշխատանքի արդյունավետությունը»․ Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել․

«Վերջին օրերին հրապարակվել են տարբեր հայտարարություններ նախկին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Արցախ, մասնավորապես՝ քաղաք Շուշի կատարված անարգել այցելությունների և, ենթադրաբար ,Արցախի Հանրապետությանն ի վնաս գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

Վերոգրյալի շուրջ տարբեր բնույթի մեկնաբանություններին ի պատասխան հայտնում ենք հետևյալը. Ազգային անվտանգության մարմինների մասին ԱՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունն օժտված է հակահետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ, որն ուղղված է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

Հատկապես վերջին տարիներին զբոսաշրջության և այլ նպատակներով Արցախի Հանրապետություն են այցելել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ (այդ թվում նաև ազգությամբ թուրքեր), արձանագրվել են նույնիսկ ամուսնությունների, Արցախում մշտական բնակություն հաստատելու դեպքեր: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հակահետախուզական գործունեության շրջանակում մշտապես վեր է հանել կասկածահարույց դեպքերը, կատարել անհրաժեշտ ստուգողական և կանխարգելիչ գործողություններ, այդ անձինք հրավիրվել են ազգային անվտանգության ծառայություն, ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ անցանկալի անձանց մուտքն ընդհանրապես արգելվել էր:

Վերոգրյալի հիման վրա հորդորում և խնդրում ենք անհարկի չշահարկել ու կասկած չհարուցել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությանն ու կարևորությանը և դրա փոխարեն Արցախի Հանրապետության անվտանգությանն ուղղված ցանկացած կասկածահարույց դեպքի ականատես լինելու պարագայում ցուցաբերել բարձր գիտակցություն և անհապաղ հաղորդել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական