Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի, Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած հատվածում գտնվող Հակոբավանքը վերանորոգման կարիք ունի: Այս մասին հայտնել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը, ով կազմակերելու է եկեղեցու վերանորոգումը:
«Եկեղեցին 7-րդ դարի կառույց է, վերանորոգվել է 1212 թվականին Ջալալ իշխանի մոր` Խորիշահի կողմից: Չգիտենք մինչև երբ է եկեղեցին գործել, բայց երևում է, որ վաղուց եկեղեցին չի գործել: Եկեղեցին եղել է եպիկոպոսանիստ, այն նաև Հակոբավանք է կոչվում, որովհետև Սուրբ Հակոբ Հայրապետի աջը պահվել է այստեղ: Այսօր եկեղեցին անմխիթար վիճակում է և վերանորոգման կարիք ունի: Մենք եկել ենք այստեղ վերանորոգելու, շունչ տալու այս սուրբ վանական համալիրին: Ես մայիսի 5-ին նշանակվել եմ Սուրբ Հակոբավանքի վանահայր և կոչ եմ անում հայ քրիստոնյաներին աջակցել, օգնեն վերականգնենք այս պատմական վանական համալիրը»,- ասաց նա:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին՝ Հոգեգալստյան տոնին, նույնպես այցելել է Հակոբավանքի վանական համալիր և մասնակցել Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։
Երկրի ղեկավարը կարևորել է վանական համալիրի վերականգնման ծրագիրը, նշել, որ արդեն իսկ տրված է այդ նպատակով պետական անհրաժեշտ միջոցներ տրամադրելու հանձնարարական։