«ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հիմնականում համընկնում են»: Անդրադառնալով ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի՝ ռուսական պետական լրատվական գործակալության՝ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հնչեցրած մտքերին՝ այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
«Համամիտ եմ պարոն Բեգլարյանի հետ, որ ԼՂ խնդրի կարգավորման համար գործող ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, քանի որ այն կրում է հակամարտության կարգավորման ողջ պատասխանատվությունը, իսկ քանի դեռ հակամարտությունը մնում է չկարգավորված՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը միանշանակ Արցախում պետք է մնա անժամկետ: Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության ճանաչման հարցին, պետք է ասեմ, որ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ դրա շուրջ բազմիցս քննարկումներ տարվել են, բայց դրանք չեմ ուզում որակել որպես բանակցություններ: Դեռևս ՀՀ առաջին նախագահի կառավարման ժամանակից սկսած կար ձևավորված տեսակետ, որ Արցախի անկախության ճանաչումը ՀՀ կողմից հնարավոր կլինի միայն Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի պարագայում: Բայց փաստն այն է, որ թե՛ 2016 թվականի ապրիլին, թե՛ 2020-ի աշնանը տեղի ունեցած պատերազմներից հետո Արցախի անկախությունն այդպես էլ չի ճանաչվել Հայաստանի Հանրապետության կողմից»,- ասել է Ա. Թովմասյանն՝ ավելացնելով, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման համար հարմար պահ է եղել նաև մինչև 1994թ.-ի մայիսի 12-ը, երբ Բիշքեկում կնքվեց հրադադարի պայմանագիրը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այնուամենայնիվ, փաստ է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո ճանաչել է Արցախի Հանրապետությունը, քանի որ հայկական երկու հանրապետությունների միջև ստեղծված են հորիզոնական շատ բարձր մակարդակի հարաբերություններ՝ ինչպես հավասարը հավասարի հետ:
«Իհարկե, 2020 թ.-ի պատերազմից հետո ունենք բոլորովին նոր իրավիճակ, որը, բնականաբար, նոր հրամայականներ է առաջ քաշում: Իսկ դրանք արդյունավետ կերպով հաղթահարելու համար կարևոր է մեր միասնական և ճկուն լինելու կարողությունը, քանի որ Արցախի հիմնախնդրի խաղաղ և վերջնական կարգավորման շուրջ որևէ տարաձայնություն չպետք է լինի հայ ազգի մեջ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը, և ավելի քան երեք տասնամյակ որդեգրած արժեքներից արցախահայությունը չի հրաժարվելու»,- ընդհանրացրել է Ա. Թովմասյանը: