Արցախ

Արցախում 1063 ընտանիք բնակարաններով է ապահովվելու

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում իրականացնում է բազմաբնույթ և լայնածավալ ծրագրեր: Դրանցից է նաև բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրագիրը։

Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ հիմնադրամից տեղեկացրին, որ Արցախում բազմաբնակարան շենքեր է կառուցվում, իսկ ոմանք արդեն ավարտված են։ Բացի այդ՝ ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքներ են իրականացվում Հաթերք, Չլդրան, Ճարտար և Բերդաշեն համայնքներում:

Անդրադառնալով բնակարանաշինությանը՝ հիմնադրամից նշեցին, որ  բազմաբնակարան շենքեր են կառուցվում Ստեփանակերտի Թումանյան և Տիգրան Մեծ փողոցներում, Աջափնյակ թաղամասում, Առաքելյան փողոցում Ասկերանի շրջանի Իվանյան և Հովսեփավան համայնքներում, որոնք հիմնականում նախատեսած են Հադրութի, Շուշիի, Մեծ Թաղերի, Ուղտասարի բնակիչների համար:

Նոր բնակարանների շահառուները  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների, տեղահանված, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներն են: Նրանց ընտրությունն իրականացնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը՝ իր իսկ կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան։

Ըստ հիմնադրամի՝ այդկերպ, Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվում է 261 բնակարան։ Բացի դա՝ ևս 300 ընտանիք Թումանյան փողոցում ս.թ. հունվարին արդեն իսկ  բնակարանամուտ է տոնել։

Բացի դա՝ Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում կառուցվում է 224 բնակարան, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում՝ 186 բնակարան և 90 առանձնատուն։ Աջափնյակ թաղամասում կառուցվում է 240 բնակարան, Ստեփանակերտի 6-րդ դպրոցի վերակառուցմամբ էլ կավելանա 30 բնակարան։

Այս ամենին կմիանան նաև Հովսեփավանի նորակառույց 32 առանձնատները։

Ընդհանուր առմամբ՝ բնակարաններով է ապահովվելու 1063 ընտանիք:

Ոսկեհատ Պողոսյան