Արցախ

«ԱՀ նախագահի դիրքորոշումն արտահայտված է իմ հայտարարության մեջ». խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան վերջին՝ մայիսի 22-ի հանդիպումից հետո էլ Արցախի ԱԺ 4 խմբակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից»։

Այս հայտարարությանը, սակայն, չէր միացել Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը։ Ավելի ուշ վերջինս հանդես եկավ առանձին հայտարարությամբ՝ նշելով, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է վարել կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա՛մ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում։

Ավելի վաղ՝ ապրիլին, Արցախի խորհրդարանը հայտարարություն տարածեց՝ պահանջելով, «որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից». «Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»։

Radar Armenia-ն Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դիրքորոշումը այդ հայտարարությունների վերաբերյալ։ Ավանեսյանը նշեց, որ ԱԺ խմբակցությունների հայտարարությունները նախագահը չի մեկնաբանելու, որովհետև օրենսդիրներն իրենց տեսակետն են արտահայտել. «Նախագահի դիրքորոշումն արտահայտված է տարածված հայտարարության մեջ»։

Ավանեսյանը մայիսի 23-ին էր տարածել հիշյալ հայտարարությունը՝ նշելով, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Ըստ նրա. «Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ Նախագահի ու Ազգային ժողովի կողմից»։

Մարիամ Սարգսյան