Հասարակություն

Մոտ 70 պաշտոնյա հայտարարագրել է 100 մլն և ավելի դրամ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրերում տարեվերջի դրությամբ զգալի թվով պաշտոնատար և վերջիններիս ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք հայտարարագրել են խոշոր կանխիկ դրամական միջոցների մնացորդներ։

15-50 մլն ՀՀ դրամ կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ, 50-100 մլն ՀՀ դրամ` մոտ 160 անձ, 100 մլն և ավելի ՀՀ դրամ` մոտ 70 անձ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող եկամուտը կամ դրամական միջոցներով հանձնած փոխառության գումարը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարատուն նշված գործարքները կատարել է կանխիկ ձևով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարատու անձանց առաջարկում է դրամական միջոցները պահել անկանխիկ եղանակով, ինչն ավելի թափանցիկ և հաշվետու կդարձնի պաշտոնատար անձանց գործունեությունը: