Միլիարդատեր Բիլ Գեյթսը գիրք է գրել, որը լույս կտեսնի 2022 թվականի մայիսին։ Microsoft-ի հիմնադիրը գրքում ներկայացրել է, թե ինչպես կանխել հաջորդ պանդեմիան։
«Գրքում ես ներկայացնում եմ կոնկրետ քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել ոչ միայն հետագա պանդեմիաները դադարեցնելու, այլև այդ ընթացքում ամբողջ աշխարհում առողջապահական համակարգը բարելավելու համար։ Մենք պետք է դասեր քաղենք այս պանդեմիայից, եւ նորարարությունները մեզ կօգնեն՝ կյանքեր փրկելու համար»,- գրել է Գեյթսն իր բլոգում։
Գեյթսը գրքում զրուցել է ԱՄՆ-ի առաջատար վարակաբան Էնթոնի Ֆաուչիի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ: Բացի այդ, Գեյթսը կպատմի այն մասին, թե «ինչ է իրենից ներկայացնում դավադրության տեսությունների առարկա լինելը»։
Միլիարդատերը պարբերաբար կարծիք է հայտնում պանդեմիայի զարգացման հնարավոր սցենարների մասին։ Ավելի վաղ Գեյթսը հայտարարել էր, որ երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազի օմիկրոն շտամի ալիքից հետո, և կորոնավիրուսը կբուժվի որպես սեզոնային գրիպ։