Meta ընկերությունը կրկին սպառնացել է դուրս բերել Facebook և Instagram սոցցանցերը Եվրոպայից, եթե ԵՄ վերահսկիչ մարմինները չկարողանան օգտատերերի տվյալները փոխանցել ԱՄՆ-ին: Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, այս հայտարարությունը հրապարակվել է գաղտնիության մասին չեղարկված պայմանագիրը փոխարինելու շուրջ բանակցությունների ֆոնին, որոնք ընթանում են կարգավորիչ մարմինների միջև:
Եվրամիության վերահսկիչ մարմիններն ամիսներ շարունակ բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ՝ փոխարինելու տվյալների տրանսատլանտյան փոխանցման մասին պայմանագիրը, որը հազարավոր ընկերությունների է անդրադառնում: Պայմանագիրը կասեցվել էր ԵՄ Արդարադատության դատարանի կողմից 2020 թվականին, քանի որ մտավախություն կար, որ քաղաքացիների տվյալներն ԱՄՆ-ին փոխանցելն անվտանգ չէ:
Հինգշաբթի հրապարակած ամենամյա հաշվետվության մեջ Meta-ն նշել է, որ եթե չի կարող վստահել նոր կամ արդեն իսկ գոյություն ունեցող պայմանագրերին, ինչպիսին են տեղեկությունների փոխանցման ստանդարտ պայմանագրային դրույթները, ապա «ամենայն հավանականությամբ չի կարողանա այլևս Եվրոպայում մատուցել որոշակի ծառայություններ և արտադրանքներ, ինչպես օրինակ՝ Facebook-ը և Instagram-ը: Նման նախազգուշացում ընկերությունն արել էր իր նախորդ ամենամյա զեկույցում: