Ժամանց

«Մատանիների տիրակալ»-ի ռեժիսորը մեկ տարում վաստակել է 580 միլիոն դոլար

Նորզելանդացի կինոռեժիսոր Փիթեր Ջեքսոնը գլխավորել է շոու բիզնեսի ամենաբարձր վարձատրվող ներկայացուցիչների վարկանիշը՝ ըստ ամերիկյան Forbes ամսագրի։ «Մատանիների տիրակալը» եռերգության ռեժիսորը մեկ տարում վաստակել է 580 միլիոն դոլար։ Ջեքսոնը գլխավորել է Forbes-ի ցուցակը՝ իր հատուկ էֆեկտների ստուդիայի՝ Weta Digital-ի մասնակի վաճառքով Unity Software ծրագրային ընկերությանը 1,6 միլիարդ դոլարով:

Երկրորդ տեղում է Բրյուս Սփրինգսթինը 435 միլիոն դոլարով, ով իր երգերի ամբողջ կատալոգի իրավունքները կես միլիարդ դոլարով վաճառել է Sony-ին։ Երրորդ տեղում ռեփեր Jay-Z-ն է, ով վաստակել է 340 միլիոն դոլար՝ Tidal երաժշտական ​​ծառայության և շամպայնի Armand de Brignac ապրանքանիշի բաժնետոմսերի վաճառքից։

Շոու բիզնեսի ամենաբարձր վարձատրվող մարդկանց տասնյակում են նաև դերասան Դուեյն «The Rock» Ջոնսոնը (270 միլիոն դոլար), ռեփեր Քանյե Ուեսթը (235 միլիոն դոլար), South Park-ի ստեղծողներ Թրեյ Փարքերը և Մեթ Սթոունը (210 միլիոն դոլար), երաժիշտ Փոլ Սայմոնը (200 միլիոն դոլար), դերասան Թայլեր Փերին (165 միլիոն դոլար), OneRepublic-ի ֆրոնտմեն Ռայան Թեդերը (160 միլիոն դոլար), երաժիշտ և Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը (130 միլիոն դոլար):

Շոու-բիզնեսի ամենահարուստ կինը դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն է (115 մլն դոլար), որը վարկանիշում զբաղեցրել է 12-րդ տեղը։ Ընդհանուր առմամբ, ըստ Forbes-ի, շոու-բիզնեսի ամենաբարձր վարձատրվող ներկայացուցիչների ցուցակի 25 մասնակիցների միագումար կարողությունը (մինչ հարկերն ու վճարները) հասել է 4,4 միլիարդ դոլարի։ Սա երկու անգամ ավելի է, քան նախորդ տարի։

Վարկանիշի հեղինակները նշում են, որ դրա մասնակիցների մեծ մասը գումարը վաստակել է ոչ թե նոր բան ստեղծելով, այլ վաճառելով արդեն եղածը՝ իրենց ստուդիաները, ընկերությունները կամ երաժշտական ​​կատալոգները։