ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավոր Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Մասնագիտական անգրագիտություն, թե՞ վերբալ մարմնավաճառություն, իսկ միգուցե երկուսը միասին:
Աչքովս ընկավ իրեն ընդդիմադիր հռչակած թերթոններից մեկով արված «դարակազմիկ վերլուծություն», թե իբր որոշ պաշտոնյաներ վաշխառությամբ են զբաղված:
Իսկ իրականում ինչ են արել թերթոնի աշխատակիցները. բացել են հրապարակված հայտարարագրերը, որտեղ բաց հրապարակված է հետևյալ տեղեկատվությունը՝ հանձնված փոխառություն՝ օրինակ 15 մլն դրամ, և դրանից արել են իրենց եզրակացությունը, որ այդ հայտարարատու անձինք վաշխառությամբ են զբաղված: Հիմա պարզաբանեմ, թե ի՞նչ է այս դեպքում այդ 15 մլն դրամը և որտեղի՞ց է գալիս:
Այն մարդիկ, ովքեր հայտարարագիր ներկայացնող են ու առաջնային շուկայից հիփոթեքով բնակարան են գնում, բնականաբար ստանում են վարկ, այս դեպքում օրինակ 15 մլն դրամի չափով: Իրենք այդ վարկը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարգի՝ պետք է ձևակերպեն որպես փոխառություն, քանի որ իրենք փաստացի գնել են ոչ թե բնակարան այլ կառուցվող շենքում բնակարանի գնման իրավունք (բնակարանը պատրաստ չէ, հետևաբար՝ չկա սեփականության վկայական և չեն կարող հայտարարգրել չեղած բնակարանը): Այսինքն՝ այդ մարդիկ ոչ թե գումար են տոկոսով տվել, ինչպես պնդում են թերթոնն ու դրա տարածողները, այլ բոլորովին հակառակը՝ մի հատ էլ իրենք են տոկոսավճար վճարում, քանի որ իրենք այդ գումարը վարկ են վերցրել՝ բնակարանի գնման համար:
Հնարավո՞ր է, որ այս ամենը չգիտեն գրողներն ու պատվիրատուները, հնարավոր է, սակայն այս դեպքում, ելնելով պնդում անողի վստահությունից և փաստերը առանց ճշտել հրապարակելու վարքագծից, կարող ենք ասել, որ մասնագիտական անգրագիտություն է դրսևորվել: Սակայն, եթե գրողը գիտի վերոնշյալի մասին, սակայն միտումնավոր մոլորեցնում է իր ընթերցողին, ապա այստեղ կարծում եմ առկա է վերբալ մարմնավաճառության դեպք:
Հնարավոր է նաև երրորդ տարբերակը, երբ գործ ունենք անգրագետ վերբալ մարմնավաճառության հետ:»