Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տոնում է հիմնադրման 100 ամյակը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, հիշեցնելով, որ 100 տարի առաջ թատրոնը ճանապարհ է բացել պրոֆեսիոնալ թատերական գործունեության ամրապնդման, համաշխարհային դասական դրամատուրգիայի յուրացման, ռեժիսորական որոնումների ու դերասանական բացառիկ դրսևորումների համար։
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը երախտագիտության խոսք է ուղղել այն մշակութային գործիչներին, որոնց աշխատանքի ու նվիրման շնորհիվ թատրոնը կերտել է իր մեկդարյա պատմությունը։ Նա հակիրճ ներկայացրել է թատրոնի վերջին տարիների ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը. «Ես ուզում եմ հաստատել, որ մենք նոր դեմքով ենք կանգնել ապագային ընդառաջ»։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը հորդորել է հիշել նրանց, ովքեր իրենցից առաջ փորձել են թատրոնում պահպանել ավանդույթները և ազգային մտածողությունը. «Նույնը փորձում ենք անել նաև մենք՝ բեմ բարձրացնելով թե´ համաշխարհային, թե´ ազգային գրականությունը, փոխանցելով և կիսելով մեր հույզերն ու հոգսերը»։