«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի փաթեթով: Փաթեթը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է փետրվարի 4-ին: Այժմ գործող կարգավորումներով պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Ստացվում է, որ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը չի կարող փաստացի փոխանցվել պետական բյուջե, քանի որ պետական բյուջեն ձևավորվում է բացառապես դրամական միջոցներից:
Միաժամանակ այլ գույքը չի կարող ամրակցվել որևէ մարմնի, քանի որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներով հստակ ձևակերպված է, որ համապատասխան դեպքում գույքը փոխանցվում է պետական բյուջե: Հիմնավորման համաձայն՝ խնդիր է ծագում դրամական միջոց չհանդիսացող գույքը համապատասխան մարմնին ամրակցելու հետ կապված, և առաջանում է ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի անհրաժեշտությունը»։