Վերլուծություն

ԼՂ հարցով շարունակում են մոլորեցնել հասարակությանը

Արցախի խորհրդարանը շրջանառության մեջ է դրել ադրբեջանական օկուպացիայի մասին նախագիծ, համաձայն որի՝ «Արցախի բռնազավթված տարածքներում արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել միայն Արցախի կառավարության թույլտվությամբ»։ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այս կապակցությամբ հայտարարել է, թե բոլոր այն տարածքները, որոնք մտնում էին Արցախի Հանրապետության մեջ նախքան 44-օրյա ագրեսիան, միջազգային իրավունքի համաձայն չեն պատկանում Ադրբեջանին։ Կարճ ասած, այս գաղափարների կրողները ձեռնամուխ են եղել հիմա էլ «նոր կորսված հայրենիքի» վերականգնման սուրբ գործին՝ կրկին փորձելով մոլորեցնել հասարակությանը։ 

Ակնհայտ է, որ Արցախի խորհրդարանի նախաձեռնությունը, եթե օրենքի տեսք ստանա, հռչակագրային բնույթ է կրելու. չկան իրավական ու քաղաքական մեխանիզմներ՝ այդ տարածքներում գործունեություն ծավալելու հայտ ներկայացրած ընկերությունների վրա ազդելու, ըստ այդմ՝ օրենքն աշխատեցնելու համար։ Բացի այդ, հասարակությանը շարունակում են մոլորեցնել ազատագրված տարածքների վերաբերյալ միֆերով։ Ի վերջո, պարզ է, որ արցախյան առաջին ազատամարտի ժամանակ յոթ շրջանները հայկական զինուժի վերահսկողության տակ վերցվեցին՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում դրանք Արցախի կարգավիճակի դիմաց սակարկելու համար։ 

Սակայն տարիներ շարունակ առանձին շրջանակների գաղափարախոսներ, ընդհակառակը, փորձեցին մանիպուլացնել հասարակությանը՝ համոզելով ու հավատացնելով, թե տարածքները ենթակա չեն փոխզիջման և որ դրանք այլևս պատկանում են հայկական կողմին։ Չբավարարվելով այդքանով՝ այդ տարածքները որպես Արցախի մաս, ճանաչվեցին Սահմանադրությամբ։ Եվ ոչինչ, որ այս ողջ ընթացքում աշխարհն այդ տարածքները դեռ ՄԱԿ-ի բանաձևերով ճանաչում էր Ադրբեջանի տարածք, իսկ բանակցային գործընթացում հակամարտության պատմության ողջ ընթացքում որպես առաջին քայլ դիտարկվում էր հենց այդ տարածքներից առնվազն 5-6-ի ամբողջական վերադարձը։ 

Հասարակությանը մոլորեցնելու գործելաոճը շարունակվում է նաև հիմա՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ այլևս 7 տարածքների թեման փակ է անվերադարձ։ Ադրբեջանը պատերազմի արդյունքում ստացավ այն, ինչ տարիներ շարունակ փորձում էր համոզելով ստանալ բանակցային սեղանի շուրջ։ Ե՛վ պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից հետո, առ այսօր միջազգային ասպարեզում որևէ մեկը չդատապարտեց Ադրբեջանի գործելաոճը՝ միաձայն ընդունելով այդ տարածքների՝ ադրբեջանական պատկանելիությունը։ Թե այս իրավիճակում ի՞նչ նպատակ են հետապնդում նման հայտարարությունները, մնում է միայն ենթադրել. կա՛մ այսքանից հետո դեռ չեն հասկացել, թե ինչ կատարվեց և ինչու, կա՛մ՝ հասկացել են, բայց շարունակում են խաբել և մոլորեցնել հասարակությանը։

Արման Գալոյան