Քաղաքական

ԼՂ հակամարտության անցյալի ու ապագայի մասին

Հայաստանի զինված ուժերի պարտությունը 2020 թ. Ղարաբաղյան պատերազմում, սովորական իմաստով, ապոկալիպսիս էր՝ հաշվի առնելով վնասի ծավալն ու խորությունը, որը հասցվել է պետականությանն ու հասարակությանն առնչվող հարցերին՝ Հայաստանում, Ղարաբաղում, ինչպես նաև Սփյուռքում: Պետք է խոստովանել, որ ոմանց համար Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելն ավելորդ մի բան է արդեն: 

Ապոկալիպսիսին նայելու մեկ այլ եղանակ է հիշելը դրա սկզբնական իմաստը՝ հայտնությունը: Ի՞նչ բացահայտեց 2020 թ. պարտությունը: Մի շարք սխալ պատկերացումներ, ձախողումներ, խնդիրներ և խանգարումներ (dysfunctions) հայոց պետականության և ժողովրդի ներսում: Այս «Սպիտակ թուղթն» այդ հիվանդություններն ախտորոշելու, ինչպես և հնարավոր բուժում առաջարկելու փորձ է: Որպես այդպիսին, դա կարող է հնարավորություն ընձեռել շտկելու անցյալի սխալները և այլ կերպ վարվել ապագայում, հուսանք` ավելի լա՛վ կերպով: 

Պարտությունը առաջացրել է ինքնիշխանության ճգնաժամ՝ իրական և հոգեբանական: Ամեն անգամ, երբ հայ ժողովուրդը բախվում է էութենական ճգնաժամի, գլուխ է բարձրացնում հավերժական երկընտրանքը. ինքնափրկությունն ընդդեմ ինքնիշխանության ձեռքբերման անհրաժեշտության: Հնարավո՞ր է ջարդել արատավոր շրջանը: Մի՞թե սրանք են միակ ընտրանքները, և արդյո՞ք այդ ընտրանքներն այնքան իրար հակադրված են, որքան թվում է: Կարո՞ղ է լավ մտածված արտաքին քաղաքականությունը և անվտանգության քաղաքականությունը գործիք դառնալ այդ արատավոր շրջանը ջարդելու համար: 

Սրանք այն հարցադրումներն են, մտահոգությունները և հույսը, որոնց շուրջ համաձայնություն ունեն նախաձեռնողներն ու համագործակիցները, և որոնք ձևակերպված են այս զեկույցում: 

Մի «Սպիտակ թղթի» ստեղծումը, որի փորձն արվեց այստեղ՝ ազգային աղետից հետո, բարդ վարժանք է այնքանով, որքանով այն պահանջում է վերագործարկում (reset): Դժվարությունն այն է, որ պետք է պահպանել այն, ինչը կարևոր է Հայաստանի համար և ինչի վրա կարելի է կառուցել. և թողնել այն, ինչը կարող է թվալ կարևոր այս կամ այն մակարդակում, բայց դա կա՛մ անիրագործելի է, կա՛մ մեծ դժվարություններ է ստեղծում առավել կարևորի համար: Կարող ենք նաև նշել, որ Հայաստանում արագ փոփոխվող հանգամանքները՝ այս «Սպիտակ թղթի» վերջնական խմբագրման և թողարկման պահերի միջև, կարող են այս փաստաթղթի որոշ տարրերը դարձնել իրականությունից կտրված կամ ավելի վատ: Ստորև թվարկված երեք հեղինակները լիովին պատասխանատվություն են կրում սույն փաստաթղթի բովանդակության և դրա ներկայացրած առաջարկությունների համար: Մասնակիցները, թվարկված թե ոչ, պատասխանատվություն չեն կրում դրա բովանդակության համար:

Ամբողջական տարբերակը

Նկարը՝ Enlight Studies-ի։