Լեզվի կոմիտեն անցյալ տարեվերջին առաջին անգամ նախաձեռնեց հայերեն «Տարվա բառի» ընտրությունը։ Ընտրության համար կոմիտեի կայքի «Այսօրվա հայերենը» բաժնի բառերի շարքից առաջարկվեց 15-ը (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշեցին «Տարվա բառը»։ Քվեարկությամբ հաղթեց ԱՌԱՋՆԱԳԻԾ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 15%-ը)։ Պատճառը պարզ է. վերջին երկու տարում ԱՌԱՋՆԱԳԻԾ բառի կիրառությունը զգալիորեն ավելացել է, քանի որ երկրի և ամբողջ ազգի ուշադրությունը սևեռված է առաջնագծին։ Երկրորդ տեղում ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառն է (14%)։ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ն այժմ հաճախադեպ է, քանի որ հանրությունը ապատեղեկատվական հոսքերի անմիջական ազդեցության տակ է։ Երրորդ տեղում ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ բառն է (10%)։ Քանի որ պատվաստվելը և պատվաստանյութի ընտրությունն առնչվում են յուրաքանչյուր քաղաքացու, այս արդյունքը բնական է։ Ամենաշատ ձայներ հավաքած եռյակին հաջորդում են հետևյալ բառերը՝ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ (8%), ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ (8%), ՍՐՏԻԿԵԼ (8%), ԼՐՃԱՐԱԿ (7%) և ՀԱՄԱՎԱՐԱԿ (7%)։