Տեսակետ

Կաթողիկոսը ԱՄՆ է մեկնել ֆինանսական հարցերով

Վերլուծաբան Հակոբ Բադալյանն «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«Գարեգին 2-րդը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ կհանդիպի բարերարներին ու կքննարկի իրականացվող ծրագրերը: Այլ կերպ ասած՝ Կաթողիկոսը մեկնել է ֆինանսական հարցերով: Նորմալ է, ի վերջո եկեղեցին «օդով չի սնվում»: Այլ հարց է, թե ինչ արդյունավետություն ունեն իրականացվող ծրագրերը: Արդյունավետություն ոչ միայն զուտ ֆինանսական իմաստով, այլ նաև «որակական»՝ դրանց հանրօգուտ, իսկ հարկ եղած դեպքում անգամ որոշակիորեն պետական մասշտաբի նշանակության տեսանկյունից:
Միաժամանակ, Գարեգին 2-րդի այցը ԱՄՆ հատկանշական է «հայկական երկրորդ կաթողիկոսության»՝ Անթիլիասի առաջնորդ Արամ Առաջինի նախաձեռնության ֆոնին, որի վերաբերյալ նա հավաք էր անցկացրել երկու-երեք շաբաթ առաջ: Դրա ընթացքում նա հայտարարել էր, թե Սփյուռքը մաշվում ու գունաթափվում է, այլ կերպ ասած՝ «չկա նախկին էնտուզիազմը» «ավանդական» կառույցների, այդ թվում՝ եկեղեցու շուրջ: «Սփյուռքի տարվա» հռչակումն ունի թերեւս այդ նպատակը՝ մոբիլիզացիա, քանի որ դրանից կախված են նաև ֆինանսա-տնտեսական հոսքերը:

Այդ առումով, Գարեգին Բ-ի այցն ԱՄՆ թերևս նաև ինչ որ իմաստով Արամ Առաջինի նախաձեռնության հանդեպ պատասխան քայլն է, այսպես ասած մրցակցության դրսևորումը: Եվ սա, իհարկե, որևէ մեկի համար թերևս նորություն չէ՝ հայկական երկու կաթողիկոսությունների մրցակցությունը: Այդ երևույթը, իհարկե, տխուր իմաստով լավագույնս բնորոշում է ներհայկական կյանքը տասնամյակներ «առաջնորդած», գերակշռած մտածողության որակը»։