Հասարակություն

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակից Ն. Բ.-ն նույն մարզում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Տաշիր քաղաքի ավտոկայանի աշխատակցից 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է կաշառք:

Ըստ քրեական գործի նյութերի` Ն. Բ.-ն նույն մարզի մեկ այլ ընկերության կողմից սպասարկվող երթուղու տրանսպորտային միջոցի վարորդի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և չարձանագրելու դիմաց նրանից ևս 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Բացի այդ, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված դեղին հաշվառման համարանիշներով շահագործելու փոխարեն այն վարել է սեփական համարանիշներով, Ն. Բ.-ն վերջինիս օգտին կրկին ակնհայտ ապօրինի անգործության` խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2022 թ. հունվարին պահանջել և ստացել է կաշառք: Վերը նկարագրվածից բացի, Վանաձոր քաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն դրանցից մեկի սեփականատիրոջից 2021 թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք: Բացի այդ, Ն. Բ.-ն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, վերը թվարկված բոլոր անձանց նախապես տեղեկացրել է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում նախատեսվող ստուգայցերի օրերի մասին` նրանց հորդորելով վերացնել առկա խախտումներն ու թերությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար) (3 դրվագ) և 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով 14.02.2022 թ. Ն. Բ.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:
Նախաքննությունը շարունակվում է: